Հայաստանի և Չինաստանի Գիտությունների ակադեմիաների միջև ստորագրվել է համագործակցության հուշագիր
Այսօր ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայում ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահ Աշոտ Սաղյանը և Չինաստանի Գիտությունների ակադեմիայի փոխնախագահ Չժան Յապինը ստորագրել են համագործակցության հուշագիր։
ՀՀ ԳԱԱ գիտության հանրայնացման և հասարակայնության հետ կապերի բաժնի հաղորդամբ, հուշագրի նպատակն է ամրապնդել և զարգացնել երկու երկրների համագործակցությունը գիտության՝ մասնավորապես ֆիզիկայի և աստղաֆիզիկայի, էկոլոգիայի, քիմիայի և կենսաբանության, երկրաբանության ոլորտներում։ Ըստ հուշագրի՝ ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիան և Չինաստանի Գիտությունների ակադեմիան կզարգացնեն համագործակցությունը համատեղ հետազոտական նախագծերի իրականացման, գիտաշխատողների փոխանակման, գիտական հանդիպումներին մասնակցելու և համատեղ գիտաժողովներ ու սեմինարներ անցկացնելու, տեղեկատվության և գիտական հրապարակումների փոխանակման միջոցով։
«Մեզ համար մեծ պատիվ է համագործակցության հուշագիր ստորագրել Չինաստանի Գիտությունների ակադեմիայի հետ։ Այս համագործակցության շրջանակներում մենք պետք է հատուկ ուշադրություն դարձնենք երիտասարդ մասնագետների պատրաստմանը։ Մենք ուրախ կլինենք ընդունել չինական կողմի հետազոտողներին մեզ մոտ և անելու ենք հնարավորինն առաջ գնալու համար։ Մենք ունենք ուժեղ ինստիտուտներ և պոտենցիալ, մեզ մնում է ակտիվ համագործակցել։ Հույս ունեմ, որ կխորացնենք մեր համագործակցությունը գիտության տարբեր բնագավառներում»,- ասել է ՀՀ ԳԱԱ նախագահ Աշոտ Սաղյանը և առաջարկել չինացի գործընկերներին բացի հուշագրի ստորագրումը համագործակցության պայմանագրեր ստորագրել ՀՀ ԳԱԱ առանձին ինստիտուտների և Չինաստանի Գիտությունների ակադեմիայի ինստիտուտների միջև։
«Չինաստանի Գիտությունների ակադեմիան ստեղծել է և կառավարում է Չինաստանի գիտական ենթակառուցվածքների մեծ մասը։ Այդ խոշոր գիտական ենթակառուցվածքները բաց են օտարերկրյա գիտնականների համար։ Ես կարծում եմ, որ դա լավ հարթակ է մեր հետագա համագործակցության համար»,- ասել է Չինաստանի Գիտությունների ակադեմիայի փոխնախագահ Չժան Յապինը։
ՀՀ ԳԱԱ Բնական գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար Ռուբեն Հարությունյանը բարձր է գնահատել «Մեկ գոտի և մեկ ճանապարհ» նախաձեռնությունը։ Նա նշել է, որ Չինաստանի գիտությունների ակադեմիայի նախաձեռնությամբ ստեղծված Միջազգային գիտական կազմակերպությունների դաշինքի (ANSO) հայտարարած մրցույթում Հայաստանը շահել է դրամաշնորհ, որը վերաբերում է խաղողի գենետիկային։
«Մենք շատ շնորհակալ ենք ANSO-ին և կշարունակենք կապ պահել»,- ասել է նա։
Չինաստանի Գիտությունների ակադեմիայի փոխնախագահը նշեց, որ ANSO-ի շրջանակներում ամեն տարի ֆինանսավորվում է 300 մագիստրանտ և 200 ասպիրանտ։
«Քանի որ Հայաստանը ANSO-ի համահիմնադիր է, հույս ունեմ, որ ավելի շատ հայ գիտնականներ, մագիստրանտներ և ասպիրանտներ կկարողանան օգտվել մեր ծրագրերից և գալ Չինաստան կրթվելու»,- ասել է Չինաստանի Գիտությունների ակադեմիայի փոխնախագահը։
Չժան Յապինը շնորհավորել է ՀՀ ԳԱԱ նախագահ, ակադեմիկոս Աշոտ Սաղյանին և ՀՀ ԳԱԱ նախագահության անդամներին ՀՀ ԳԱԱ-ի 80-ամյա հոբելյանի կապակցությամբ՝ մաղթելով հաջողություն և բարգավաճում։
Չինաստանի Գիտությունների ակադեմիան հիմնադրվել է 1949թ․։ Այն առաջատար խորհրդատվական կենտրոն է Չինաստանի կառավարության համար և համալիր կենտրոն բնական գիտությունների բոլոր ուղղությունների և բարձր տեխնոլոգիաների հետազոտությունների համար։ Ակադեմիան ունի 6 բաժանմունք, 106 ինստիտուտ և բարձրագույն կրթական 3 հաստատություն, 60 հազար գիտաշխատող և կառավարող մարմնի ներկայացուցիչ, ավելի քան 800 ակադեմիկոս, 126 արտասահմանյան անդամ աշխարհի ավելի քան 20 երկրներից։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան