
Տրոլեյբուսային 2Ա երթուղում բնակիչների ուղևորափոխադրումը կիրականացվի նաև էլեկտրական առաջին ավտոբուսով
Սեպտեմբերի 12-ից տրոլեյբուսային 2Ա երթուղում բնակիչների ուղևորափոխադրումը կիրականացվի նաև էլեկտրական առաջին ավտոբուսով: Այս մասին տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանից։
«Երեք ամիս շարունակ «BYD» ընկերության ավտոբուսը թեստավորում կանցնի տրոլեյբուսային տարբեր երթուղիներում, ինչի արդյունքում էլ կկազմվի տեխնիկական բնութագիր՝ ամբողջական շարժակազմ ձեռք բերելու համար:
«Կանաչ» տրանսպորտ ներմուծելն օդի որակի բարելավման տեսանկյունից ամենակարևոր հանձնառություններից մեկն է, որ ստանձնել է համայնքը: Մայրաքաղաքում նախաձեռնված տրանսպորտային համակարգի բարեփոխումն առանձնանում է բնապահպանական բաղադրիչով:
12 մետրանոց այս էլեկտրական ավտոբուսը ցածրահատակ է, հարմարեցված նաև հենաշարժողական խնդիրներ ունեցող անձանց և մանկասայլակների համար: Սրահը կահավորված է տեսախցիկներով: Լիցքավորման պահանջվող ժամանակը 4-5 ժամ է»,- նշված է հաղորդագրությունում: