Օվերչուկ․ Երևանի և Բաքվի միջև սրացումը բարդացնում է կապերի ապաշրջափակման աշխատանքը
Անդրկովկասում տրանսպորտային կապերի ապաշրջափակման հարցով եռակողմ աշխատանքային խմբի բանակցությունները շարունակվում են, սակայն Հայաստանի և Ադրբեջանի միջև սրացումը բացասաբար է անդրադառնում այդ գործունեության վրա: ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, այս մասին լրագրողներին հայտնել Է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը Արևելյան տնտեսական համաժողովի ժամանակ։
«Իհարկե, ցանկացած սրացում միշտ բացասաբար է ազդում մեր աշխատանքի վրա։ Ժամանակն անցնում է, մինչև մենք նորից վերադառնում ենք, նստում ու սկսում աշխատել», - ասել է նա՝ միաժամանկ նշելով, որ բանակցությունները շարունակվում են, դրանք կասեցված չեն։
Օվերչուկի խոսքով, Ռուսաստանի Դաշնության, Հայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետների հաջորդ հանդիպումը՝ տարածաշրջանում տրանսպորտային կապերի ապաշրջափակման շուրջ, տեղի կունենա, երբ դրա պահը հասունանա։
Ավելի վաղ փոխվարչապետն աշխատանքային խմբի վերջին հանդիպման արդյունքներով էական առաջընթաց էր արձանագրել Ադրբեջանի և Հայաստանի միջև տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման համաձայնեցման հարցում: