Տարածաշրջանային տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակման համատեքստում բացակայում է որևէ միջանցքային տրամաբանություն․ ԱԳՆ խոսնակ
ՀՀ ԱԳՆ խոսնակը պատասխանել է «News.am» լրատվական կայքից ստացված հարցմանը։ ԱԳՆ-ի փոխանցմամբ՝ նա մասնավորապես, պատասխանելով հարցին, թե ինչպե՞ս կմեկնաբանեք Բայրամովի հայտարարությունը, նաև հանրային տիրույթում «Զանգեզուրի միջանցք» եզրույթի օգտագործումը, ԱԳՆ խոսնակն ասել է․
«Ձեր հարցի պատասխանը կարող է լինել շատ հակիրճ, այն կա նաև հենց հարցման մեջ. 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 9-րդ կետով և դրան հաջորդած 2021թ. հունվարի 11-ի հայտարարությամբ որևէ այդպիսի միջանցք նախատեսված չէ, տարածաշրջանային տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակման համատեքստում բացակայում է որևէ միջանցքային տրամաբանություն:
Հայաստանը բազմիցս և բոլոր մակարդակներում հայտարարել և հայտարարում է, որ ոչ միայն պատրաստակամ է, այլև շահագրգռված է տարածաշրջանում տնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակմամբ և 2020թ. եռակողմ հայտարարության ստորագրման պահից ի վեր հավատարիմ է մնացել այդ հայտարարությամբ պայմանավորված այն մոտեցմանը, որ դա պետք է իրականացվի երկրների ինքնիշխանության և իրավազորության ներքո՝ հավասարության և փոխադարձության սկզբունքների հիման վրա»։