Բազմաթիվ զարգացած երկրներում էլ կա այդ պրակտիկան. Հակոբ Արշակյանը հակադարձեց Արսեն Թորոսյանին
Ազգային ժողովի նիստում քննարկվում է «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին նախագիծը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունելու մասին հարցը։ Այս նախագծով առաջարկվում է ներդնել հաշվառման համարանիշների նոր տեսակ՝ առանձնահատուկ պահանջարկ ունեցող համարանիշներ, որոնց իրացումը նախատեսում է իրականացնել բացառապես էլեկտրոնային աճուրդի մջոցով։
Նախագծի համաձայն, սահմանվում է տրանսպորտային միջոցների հաշվառման առանձնահատուկ պահանջարկ ունեցող համարանիշների չափորոշիչները, ինչպես նաև դրանց հատկացման աճուրդների անցկացման կարգը, տրանսպորտային միջոցների հաշվառման առանձնահատուկ պահանջարկ ունեցող համարանիշների աճուրդային մեկնարկային գները և հաշվառման մեծ պահանջարկ ունեցող համարանիշների հատկացման գները` ըստ չափորոշիչների։
Նախագծի քննարկմանը «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արսեն Թորոսյանն ասաց, որ սովորաբար մարդիկ պատրաստ են լինում գումարներ վճարել իրենց մեքենաների լավ համարանիշների համար ոչ պարզապես, այլ ինչ որ առավելություն ստանալու համար հասարակության այլ մասնակիցների նկատմամբ։
«Կոչ եմ անեմ, խնդրում եմ ՆԳՆ իր ստորաբաժանումներով, որպեսզի ուշադրություն դարձվի և այս նոր տեսակի պետհարանիշներ ձեռք բերելն անհավասարության միջոց չդառնա։ Կարծում եմ՝ ինչ-որ մի օր հասունանալով, զարգանալով որպես հասարակություն, պետք է ձերբազատվել լավ կամ վատ համարանիշների սկզբունքից։ Ճիշտ է՝ օրենքի հիմնավորումների մեջ տարբեր երկրներ կային բերված, բայց դրանք հիմնականում զարգացող երկրներ են, ոչ թե զարգացած, կայուն, դեմոկրատիայով երկրներ»,- ասաց Ա.Թորոսյանը։
ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանն ասաց. «Պարոն Թորոսյան, բայց բազմաթիվ զարգացած երկրներում էլ կա այդ պրակտիկան, նույնիսկ իրենց անուններ են գրում համարի վրա, և ամենազարգացած երկրներն են դրանք»։