Ռուսական բեռների շուրջ պայմանավորվածությունը չեղարկվել է հենց Ադրբեջանի կողմից․ Մետաքսե Հակոբյան
Ռուսական Կարմիր խաչի հումանիտար բեռների շուրջ պայմանավորվածությունը չեղարկվել է հենց Ադրբեջանի կողմից, Armenia Today-ին հայտնել է Արցախի Հանրապետության Ազգային ժողովի «Արդարություն» խմբակցության քարտուղար Մետաքսե Հակոբյանը՝ մեկնաբանելով Բաքվի կողմից ռուսական հումանիտար բեռների տեղափոխումը խաթարելու վերաբերյալ տեղեկությունները։
«Հասկանալի է, որ եթե ռուսական բեռները ռուսական ավտոմեքենաներով շարժվում էին դեպի Ակնա, պայմանավորվածություն կար, որ ռուսական բեռները նախնական զննությունից հետո հենց ռուս վարորդներով պետք է հասնեին Ստեփանակերտ։ Բայց այդ պայմանավորվածությունը չեղարկվեց հենց Ադրբեջանի կողմից։ Մենք հերթական անգամ ականատես եղանք Ադրբեջանի ստախոսությանը։ Մենք տեսանք, որ Ադրբեջանը որևէ պայմանավորվածություն չպահող երկիր է՝ լինի՛ ստորագրությամբ, թե՛ բանավոր կերպով։ Իրենք հույս ունեին, որ կարող են ինչ-որ ճնշում գործադրել և գործընթացն իրականացնել իրենց պայմաններով, բայց, իհարկե, Արցախն այդ հարցում անսասան է։
Առավել ևս հիմա ճնշմամբ ոչինչ չի կարող լինել, Արցախն ինքը պետք է իր որոշումը կայացնի, և ամեն ինչ պետք է լինի այդ որոշման համաձայն»,-ասել է պատգամավորը։
Հարցին, թե հատկապես ի՞նչ պայմանավորվածություն է խախտել ադրբեջանական կողմը, նա նշեցլ է․ «Իրենք, ըստ երևույթին, որոշել էին, որ Ադրբեջանի «Կարմիր մահիկի» մեքենաները ևս պետք է անցնեն այդ ճանապարհով։ Սա, իհարկե, հաստատված ինֆորմացիա չէ, բայց, ամենայն հավանականությամբ, Ադրբեջանը նման նպատակ ուներ, որը ոչ պաշտոնական խողովակներով էր տեղ հասցրել։ Այդ մասին, սակայն, մեր նախնական պայմանավորվածության մեջ չի եղել։ Թեպետ արցախյան կողմը միշտ հավատարիմ է եղել իր բոլոր պայմանավորվածություններին, բայց Ադրբեջանի կողմից դրանք խախտելու դեպքում գործընթան այլևս չէր կարող տեղի ունենալ»։
Ավելի մանրամասն՝ սկզբնաղբյուրում։
Հարակից հրապարակումներ`
- ԱՀ իշխանությունները որոշել են թույլ տալ Ասկերանով ռուսական բեռների մուտքը
- Բրյուսելում ԼՂ բեռների տեղափոխման այլընտրանքային ճանապարհների վերաբերյալ որևէ պայմանավորվածություն ձեռք չի բերվել,Անի Բադալյան