«Արամ Խաչատրյան-120» գիտաժողով՝ ԳԱԱ-ում. մեծ կոմպոզիտորի մասին ամեն ինչ դեռ ասված չէ
ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայում մեկնարկել է «Արամ Խաչատրյան - 120» խորագրով միջազգային գիտաժողով։ Գիտաժողովի աշխատանքներին մասնակցում են 8 երկրներից գիտնականներ և երիտասարդ հետազոտողներ:
Թվում է՝ համաշխարհային ճանաչում ունեցող կոմպոզիտորի, 20-րդ դարի համաշխարհային երաժշտաարվեստի ամենահայտնի կեպարներից մեկի մասին ամեն ինչ ասված է, ուսումնասիրված։ Սակայն այդպես չէ։
«Իրոք, թվում է, թե մեր մեծ մաեստրոյի մասին ամեն ինչ արդեն ասված է, բայց այդպես չէ, քանի որ այնքան մեծ է այդ անձնավորությունը թե իր թողած ժառանգությամբ, թե որպես անձ, որ մշտապես խորը ուսումնասիրությունների, բացահայտումների կարիքը կա»,- լրագրողների հետ զրույցում ասաց Արամ Խաչատրյանի տուն-թանգարանի տնօրեն Արմինե Գրիգորյանը։
ՀՀ Կոմպոզիտորների միության նախագահ Արամ Սաթյանի ներկայացմամբ, Խաչատրյան հասկացողությունը պետք է ընկալել որպես մեծ փիլիսոփա։
«Եթե վերցնենք երաժշությունը, դա ամենաճշգրիտ գիտություններից մեկն է։ Ի՞նչ բան է երաժշտություն. դա ժամանակային արվեստ է, ժամանակի մեջ ճիշտ տեղադրված նյութ է։ Արամ Խաչատյանը կարողանում էր այդ հաշվարկով նաև գտնել այն, ինչ որ այդ րոպեին պետք էր ունկնդրին։ Ինքը հենց այնպես երաժշտություն չի գրել, գրել է հատուկ այն մարդկանց համար, ովքեր այդ երաժշտության, էմոցիայի, էքսպրեսիայի կարիքն ունեին։ Դա ամենաբարձր և ամենամեծ արվեստագետի շնորհն է, որն ուներ Արամ Խաչատրյանը»,- ասաց Ա. Սաթյանը։
Նա համոզված է, որ այս գիտաժողովը հնարավորություն կտա նոր ձևի մեկնաբանել և Արամ Խաչատրյանի երաժշտությունը, և կոմպոզիտորի մոտեցումները դեպի երաժշտությունը։
Գիտաժողովին մասնակցում է նաև Արամ Խաչատրյանի թոռնուհին՝ Օլգա Կուզինան, ով Ռուսաստանի երաժշտության ազգային թանգարանի փաստաթղթերի և անձնական արխիվների բաժնի ավագ գիտաշխատող է։
«Ես մի կողմից Արամ Խաչատրյանին ընկալում եմ որպես իմ հարազատ մարդ, իմ պապիկ, մյուս կողմից հասկանում եմ, որ մեծ մարդ է, քանի որ մեծ կոմպոզիտոր է, ով իր արվեստով ճանաչում է բերել ոչ միայն Հայաստանին, Ռուսաստանին։ Ես հպարտ եմ, որ իր թոռնուհին եմ, իմ ուժերի չափով փորձում եմ նպաստել իր ստեղծագործական ժառանգության տարածմանը»,- Panorama.am-ի հետ զրույցում ասաց Օ.Կուզինան։
Մանրամասն՝ տեսանյութում։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին