«Փաստ». Ինչու է ԿԳՄՍ նախարարի դուստրը Գերմանիայում սովորում. Դա նշանակո՞ւմ է անվստահություն մեր երկրի կրթական համակարգի նկատմամբ
«Փաստ» թերթը գրում է.
«Ժամանակ առ ժամանակ թեժանում են խոսակցությունները այս կամ այն քաղաքական գործչի ընտանիքի անդամների, մասնավորաբար զավակների հետ կապված, որոնք ուսանում են արտասահմանում: Արտերկրում ուսանելն ինքնին չի կարող դատապարտելի լինել, առավել ևս, եթե «դրսում» սովորողներն, ի վերջո, իրենց գիտելիքներն ի սպաս են դնում մեր երկրի զարգացմանը: Այդուամենայնիվ, նման թեմաների շահարկումների պակաս չկա, բնականաբար՝ քաղաքական ենթատեքստով:
Հետաքրքիր է, որ «հակաարտասահմանյան» այս արշավին վերջերս ակտիվորեն մասնակցում են իշխանական ու մերձիշխանական որոշ շրջանակներ: Ավելին, երբեմն այս դաշտից ոչ միայն մեղադրանքներ են հնչում, թե այդ ինչ փողերով են սովորում քաղաքական գործիչների երեխաները, այլև կարծիքներ են հնչում, թե արտերկրում սովորելու «ուղարկելը» նշանակում է անվստահություն մեր երկրի կրթական համակարգի նկատմամբ:
Մոտեցումն, իհարկե, մեղմ ասած, վիճելի է, սակայն, եթե այդ տրամաբանությամբ շարժվենք, ապա մի շարք պաշտոնյաների ևս պետք է մեղադրել նման «անվստահության» մեջ: Հիշենք, որ օրերս Նիկոլ Փաշինյանն ասել էր, թե իր դուստրն ընդունվել է Գերմանիայում գործող միջազգային դպրոց: Մեր տեղեկություններով, Գերմանիայում է սովորում նաև ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի դուստրը:
Կրկնենք, արտերկրում ուսանելը պախարակելի չի կարող լինել, ընդհակառակը, սակայն հետաքրքիր է, որ «դրսում» են սովորում հենց մեր երկրի կրթական համակարգի գլխավոր պատասխանատուի և վարչապետի երեխաները: Իսկ նրանցով, այսպես ասած, չի սահմանափակվում այն պաշտոնյաների ցանկը, որոնց զավակները սովորում են արտասահմանյան բուհերում»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում