Հայաստանի պետական պարտքը հատել է 11 միլիարդ դոլարի շեմը
Հայաստանի պետական պարտքը 2023 թվականի հուլիսի վերջի դրությամբ կազմել է մոտ 11 մլրդ 352 մլն դոլար։ Ինչպես ցույց են տալիս Ֆինանսների նախարարության տվյալները, տարեսկզբի համեմատ պարտքն աճել է 714 մլն դոլարով կամ 6.7%-ով։ Այս մասին գրում է «Հետք»-ն ու մանրամասնում, որ ներքին պետական պարտքն ավելի արագ է աճում, քան արտաքին պարտքը։
Ըստ աղբյուրի, Հայաստանի արտաքին պետական պարտքը հուլիսի վերջի դրությամբ կազմել է 6 մլրդ 663 մլն դոլար, որը այս տարվա յոթ ամիսների ընթացքում աճել է 218 մլն դոլարով կամ 3.4%-ով։
Արտաքին պարտքի հիմնական մասը միջազգային կազմակերպություններից և օտարերկրյա պետություններից ստացված վարկերն են։
Հայաստանը շարունակում է նոր վարկեր ներգրավել սոցիալ-տնտեսական ծրագրերն իրականացնելու համար։ Այս տարվա ապրիլին Հայաստանի կառավարության ու Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի (ՎԶՄԲ) միջև ստորագրվել է նոր վարկային համաձայնագիր՝ «Կանաչ, դիմակայուն և ներառական զարգացման քաղաքականության վարկ» անվամբ։ Վարկի ընդհանուր գումարը կազմել է 92 մլն եվրո։
Նույն ընթացքում ավելի մեծ տեմպով աճում է ներքին պարտքը։ Այս տարվա յոթ ամիսներին ներքին պարտքն ավելացել է 496 մլն դոլարով՝ 11.8%-ով և կազմել 4 մլրդ 688 մլն դոլար։
Ընդհանուր պարտքը 11 մլրդ դոլարի շեմը հատել է մայիսից։
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին