Արամ Խաչատրյանի երաժշտությունը հրթիռի պես է, ինքն է իր ճանապարհը բացել. Դանիել Երաժիշտ
ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, երաժշտագետ Դանիել Երաժիշտը «Արամ Խաչատրյան-120» գիտաժողովին, որն այսօր մեկնարկել է ԳԱԱ-ում, «Արամ Խաչատրյանի Սովետական Հայաստանի պետական հիմնի երաժշտության գաղտնագությունը և արդիականությունը» թեմայով զեկույցով է հանդես գալու։
Panorama.аm-ի հետ զրույցում Դանիել Երաժիշտն ասաց, որ շատ նորություններ կա ասելու հանճարեղ կոմպոզիտորի մասին։
«Արվեստն անսպառ է, հորիզոնի պես է՝ ինչքան մոտենում ես, այնքան հեռանում է։ Նոր բացահայտումներ, նոր զուգորդումներ... քանի որ արվեստը հավերժի հետ կապ ունի և ակնթարթի, ներկայի, անցյալի, ապագայի։
Նաև արվեստում կա գաղտնագրություն, որը միշտ չէ, որ ջրի երեսին է։ Մեր նպատակն է ցույց տալ կոմպոզիտորի ոչ միայն տեսանելի, նաև անտեսանելի ոլորտը»։
Դանիել Երաժշտի համար այս գիտաժողովին մասնակցելը ուխտագնացություն է. «Մասնակցում եմ այս գիտաժողովին որպես ուխտ։ Ես բախտ եմ ունեցել հանդիպել Արամ Խաչատրյանի հետ։ Ինձ որպես երաժշտագետ քննել է, քաջալերել է, հիմա էլ զգում եմ նրա շունչը, ձեռքսեղմումը, մեծ պատասխանատվությամբ եմ լցված մինչ կյանքիս վերջ»։
Երաժշտագետի բնորոշմամբ, Արամ Խաչատրյանի երաժշտությունը հրթիռի պես է. ինքն է իր ճանապարհը բացել. «Մարդկությունն իր երաժշտության կարիքն ունի։ Արամ Խաչատրյանն իր երաժշտության մեջ ամփոփել է հայ ժողովրդի երաժշտական դարավոր կուտակումները։
Մարտիրոս Սարյանն ասում էր իր մասին՝ «ես 5000 տարեկան եմ, նույն տարիքն է և Արամ Խաչատրյանը»։ Վարպետը հիմնավորում է՝ «քանի որ արվեստագետներն իրենց մեջ կրում են իրենց ժողովրդի ճակատագիրը, կենսագրությունը, պատմությունը»։ Ահա սա է Արամ Խաչատրյանի երաժշտության զորության գաղտնիքը»։
Մանրամասն՝ տեսանյութում։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան