Էդգար Էլբակյան Ռուսաստանը չունի երկարաժամկետ ռազմավարություն, թե ի՞նչ է անում, ի՞նչ շահեր է հետապնդում Հարավային Կովկասում
Մենք ունենք մի քանի մտավոր կոնստրուկցիա, որոնց վրա հաճախ հիմնում ենք մեր վերլուծությունը: Ըստ իս, այս կոնստրուկցիաները մեզ հեռացնում են իրականությունից և չեն տանում դեպի ավելի լավ հասկանալուն: Այդ մասին «Հայաստան-ՆԱՏՕ. նոր մարտահրավերներ, թե՞ հնարավորություններ» թեմայով կլոր սեղանի ժամանակ, ասաց քաղաքագետ Հրանտ Միքայելյանը:
«Օրինակ՝ խաղաղության գործընթացը։ Խաղաղության գործընթաց չկա: Նախ՝ այլևս խաղաղություն չկա, մենք խաղաղության չենք գնում, և եթե անգամ խաղաղության պայմանագիր կնքվի, խաղաղություն չի լինի։ Ըստ այդմ, ընթանում է Հայաստանի պարզապես ռազմադիվանագիտական վերջնհարվածի գործընթացը։ Հարցն այն է, թե ով է լինելու Հայաստանի ապագա կապիտուլյացիայի բրոկերը՝ Ռուսաստանը, թե Արևմուտքը։ Բանավեճն այս մասին է։ Վերջին հաշվով, Հայաստանն այս գործընթացում այն կողմն է, որը պարտվել է, պարտվում է և պարտվելու է»,- ասաց Միքայելյանը։
Քաղաքագետը շարունակեց միտքը՝ ասելով.«Երկրորդը հաղորդակցությունն է։ Կրկին, մենք չենք խոսում որևէ հաղորդակցության մասին։ Խոսքը տարածաշրջանների միացման, առևտուրը թույլ տալու և այլնի մասին չէ։ Խոսքը Թուրքիայի և Ադրբեջանի համար բացառիկ հաղորդակցության մասին է»։
Ըստ նրա՝ Հայաստանում չկա անկախ իշխանություն, կա իշխանություն, որը հաստատված է արտաքին ուժերի կողմից, այդ թվում՝ Թուրքիայի, և այդ իշխանությունը չի գործում՝ ելնելով Հայաստանի շահերից։
Իր հերթին, քաղաքագետ Բենիամին Մաթևոսյանը նշեց. «Թվում է, թե մարդիկ, ովքեր որոշումներ են կայացնում Մոսկվայում, և այդ որոշումներն ազդում են տարածաշրջանի տնտեսական, քաղաքական և ռազմական իրականության վրա, բաժանված են մեր երկրում տեղի ունեցող իրադարձություններից, տարածաշրջանից:
Բացարձակապես ակնհայտ է, որ 44-օրյա պատերազմից հետո Նիկոլ Փաշինյանի անթաքույց աջակցությունը ռուսական կողմից պայմանավորված էր նրանով, որ Ռուսաստանի ղեկավարությունը համոզված էր, որ հայկական կողմը ոչ մի դեպքում չի ճանաչի Ղարաբաղը որպես Ադրբեջանի մաս։ ինչը կապահովի ռուս խաղաղապահների մշտական ներկայությունը տարածաշրջանում, ինչը թույլ կտա Մոսկվային պահպանել իր ներկայությունը՝ չնայած պաշտոնական Երևանի և Բաքվի միջև առկա հակասություններին»։
Իսկ քաղաքագետ Էդգար Էլբակյանն էլ ուշադրություն հրավիրեց այն փաստի վրա, որ Ռուսաստանը չունի երկարաժամկետ ռազմավարություն, թե ինչ է անում, ինչ շահեր է հետապնդում Հարավային Կովկասում։
«Ռուսաստանը, որպես մայրցամաքային կայսրության իրավահաջորդ, ունի միայն իներցիա, որ անհրաժեշտ է ունենալ ռազմական ներկայություն։ Սա արդեն այնքան դոգմատիկ ընկալում է, որ երբեք կասկածի տակ չի դրվում»,-հավելեց նա։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան