«Ժողովուրդ». Ի՞նչ ավարտ կունենա այս գործը՝ հաշվի առնելով, թե ով է ՀՀ գլխավոր դատախազը
«Ժողովուրդ» թերթը գրում է.
«Նիկոլ Փաշինյանի կուսակցությունը մարդկանց կամավոր-պարտադիր սկզբունքով, որպես «գլխաքանակ», քարոզարշավի է տանում. մի երևույթ, որ Նիկոլ Փաշինյանը քննադատում էր ընդդիմադիր եղած ժամանակ: Սեպտեմբերի 7-ին այդ խայտառակությունը բացահայտեց բլոգեր Արթուր Չախոյանը, երբ մտել էր Երևանի Նոր Նորքի առաջին զանգվածում հավաքված քաղաքացիների միջև, ներկայանում էր ՔՊ շտաբից՝ հետաքրքրվելով, թե քանի հոգով որ կառույցից են ներկայացել հավաքին: Պարզվեց՝ մեծամասնությունը «բերովի» մարդիկ էին՝ տարբեր հաստատությունների, համայնքային այլ կառույցների աշխատակազմերի ուղղորդմամբ:
Այս առիթով «Անկախ դիտորդ» դաշինքը ՀՀ գլխավոր դատախազին հանցագործության մասին երկու հաղորդում է ուղարկել, երկուսն էլ՝ պետական ու համայնքային կառույցների աշխատողներին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հանրահավաքներին բերելու պարտադրանքի մասին վկայող նյութերով։ «Ականատես» դիտորդական առաքելությունն էլ հայտարարել է, որ իրենց դիտորդների կողմից նմանատիպ այլ դեպքերի պարբերաբար արձանագրումը վկայում են իշխող ուժի կողմից վարչական լծակների լայնածավալ և համակարգային չարաշահման մասին։
«Այս գործելաոճն ամբողջովին խեղաթյուրում է ընտրական արդար և հավասար մրցակցային պայքարը, ինչպես նաև անթույլատրելիորեն խոչընդոտում ընտրողների ազատ կամքի իրացումը։ Ավելին՝ արձանագրված դեպքը առերևույթ կարող է պարունակել ՀՀ քրեական օրենսգրքի 211-րդ կամ 236-րդ հոդվածով նախատեսված հանցակազմերի հատկանիշներ»,- հայտարարել է կազմակերպությունը: «Անկախ դիտորդ» դաշինքը պահանջում է ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանից կատարել լայնածավալ օպերատիվ հետախուզական միջոցառումներ` եղելությունը ամբողջությամբ բացահայտելու համար։ «Ժողովուրդ» օրաթերթը երեկ ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից հետաքրքրվեց, թե ինչ է արվել դատախազության կողմից ստացված դիմումի հետ:
Պաշտոնապես հայտնեցին, որ «նյութերն ուղարկվել են ոստիկանություն՝ ստուգողական գործողություններ իրականացնելու համար»: Իհարկե, հասկանալի է, թե ինչ ավարտ կունենա այս գործը՝ հաշվի առնելով, թե ով է ՀՀ գլխավոր դատախազը կամ ոստիկանությունն ընդհանրապես: Այս իրավիճակում մի հարց է մնում չպարզաբանված. եթե ՔՊ-ի՝ նկարած պաչիկներով ջերմ հոլովակների բոլոր մարդիկ բերված են, այդ դեպքում որտե՞ղ են ՔՊ-ի ընտրողները: Գուցե չկա՞ն, և ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանն էլ պետք է իր բաժին նկարչությամբ զբաղվի»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում