Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Ֆրանսիայի նորանշանակ դեսպանին
Սեպտեմբերի 13-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ֆրանսիայի Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյիին։
Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից հայտնում են, որ դեսպանին բարեմաղթելով արդյունավոր առաքելություն՝ Նորին Սրբությունն անդրադարձ է կատարել երկու երկրների միջև հաստատված ջերմ հարաբերություններին և գործակցությանը։ Վեհափառ Հայրապետը գոհունակությամբ ընդգծել է, որ հայ-ֆրանսիական բարեկամական կապերի խորացման գործում իր ներդրումն ունի նաև Ֆրանսիայի հայկական համայնքը։
Ամենայն Հայոց Կաթողիկոսը, անդրադառնալով տարածաշրջանում ստեղծված ծանր կացությանը, իր երախտագիտությունն է հայտնել Ֆրանսիայի իշխանություններին Հայաստանի ու Արցախի առջև ծառացած մարտահրավերների հաղթահարման գործում ցուցաբերվող աջակցության և զորակցության համար:
Իր հերթին նորանշանակ դեսպանը հաստատել է, որ Ֆրանսիան շարունակելու է տարբեր ոլորտներում բազմակողմանի աջակցություն ցուցաբերել Հայաստանին և ջանքեր գործադրել Արցախին հումանիտար օգնություն և անվտանգային երաշխիքներ տրամադրելու ուղղությամբ։