Կատաղություն հիվանդության մասին իրազեկվում են դպրոցները. Կծելու դեպքերի մասին զանգահարել 118
Կատաղություն հիվանդության մասին իրազեկման արշավ է անցկացվում նաև Հայաստանի մարզերում:
ՍԱՏՄ-ից հայտնում են՝ այսօր Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Կոտայքի մարզային կենտրոնի աշխատակիցներն այցելել են Հրազդան քաղաքի Հովսեփ Օրբելու անվան թիվ 13 ավագ դպրոց: Դպրոցականներին ներկայացվել են կատաղություն հիվանդության դեմ պայքարի հիմնական միջոցառումները, կենդանիների հետ շփման կանոնները և այլն։
Տեսչական մարմնի մասնագետները երեխաներին հորդորել են առավել զգոն լինել կենդանիների վարքի նկատմամբ, քանի որ այդ հիվանդությամբ վարակված կենդանիներն ունենում են վարքային փոփոխություն՝ դառնում են անհանգիստ ու ագրեսիվ։
Փոքրիկներին հորդորել են ուշադիր հետևել նաև իրենց տնային կենդանիների վարքին, քանի որ կատաղությամբ վարակվում են ոչ միայն թափառող և վայրի կենդանիները, այլև տան պայմաններում խնամված շներն և կատուները:
Հստակ ցուցումներ են տրվել տնային կենդանիներին տարին մեկ անգամ անպայման պատվաստելու անհրաժեշտության մասին:
ՍԱՏՄ-ն հորդորում է բոլորին կենդանիների կողմից հարձակումների, կծելու դեպքերի մասին անմիջապես տեղեկացնել թեժ գծի 118 անվճար համարով: