ՍԱՏՄ. Բույսերի կարանտին հիվանդություններն առաջացնում են տնտեսական խնդիրներ
Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի մասնագետներն ուսումնասիրել են Ֆեյսբուք սոցիալական ցանցում քաղաքացու կողմից ներկայացված ահազանգն այն մասին, որ վերջին տարիներին չափազանց մեծ թվով հիվանդ տնկիներ են ներկրվել և ներկրվում մեր երկիր, անարգել անցնում են սահմանը և սկսել են դառնալ վարակի աղբյուր ու լուրջ փորձանք մեր գյուղատնտեսության համար։
ՍԱՏՄ-ից հայտնում են՝ ըստ քաղաքացու՝ բակտերիալ այրվածքով (erwinia) վարակված տանձենու տնկիների ներկրման պատճառով վարակը սկսել է տարածվել Արագածոտնի մարզում՝ փոշոտող միջատների միջոցով: Նաև նշել էր, որ Թուրքիայից ՀՀ են ներմուծվել Շարկա կոչվող հիվանդությամբ (սալորենու քոս) վարակված տնկիներ: Այդ հիվանդությունը ախտահարում է դեղձենիները, ծիրանենիները, սալորենիներն ու բալենիները։
Արձագանքելով քաղաքացու ահազանգին, ՀՀ սննդամթերքի տեսչական մարմինն իրականացրել է ուսումնասիրություն:
Ըստ այդմ, համաձայն լաբորատոր հետազոտության, 2022թ-ին և 2023թ-ի 1-ին կիսամյակի դրությամբ, ՍԱՏՄ սահմանային պետական վերահսկողության ժամանակ վերցված թուրքական ծագման տնկիների (ծիրանենի, դեղձենի, սալորենի, տանձենի, խնձորենի) նմուշներում պտղատուների բակտերիալ այրվածք՝ Erwinia amilovora, և սալորենու օսպա՝ (Շառկա) Plum pox virus, կարանտին հիվանդություններ չեն հայտնաբերվել: Կատարվել է 3 կարգի փորձաքննություն՝ միջատաբանական, բուսաախտաբանական, հելմինթոլոգիական: Միջատաբանական փորձաքննությունը կատարվել է հատային, բուսաախտաբանականը՝ ակնադիտական, միկրոսկոպիկ (խոնավ կամերայի) և համապատասխան սննդամիջավայրի, հելմինթոլոգիականը՝ ձագարային մեթոդներով, որոնք հավատարմագրման ոլորտում առկա հաստատված, գործող մեթոդներ են:
Ու թեև կիրառվող այս մեթոդներով կարանտին վնասնակար օրգանիզմներ հնարավոր է հայտնաբերել տնկիների բոլոր հատվածներում, այնուամենայնիվ, Տեսչական մարմնին ենթակա «ՀԱԲԼԾԿ» ՊՈԱԿ-ը, նշված կարանտինային հիվանդությունները այլընտանքային մեթոդով ախտարաշելու նպատակով, դիմել է «Բույսերի կարանտինի համառուսական կենտրոն» ԴՊԲՀ-ին (ԱՊՀ երկրների բույսերի կարանտին հիվանդությունների մեթոդոլոգիական բազային հիմնարկն է՝ ФГБУ «ВНИИКР»)՝ պտղատուների բակտերիալ այրվածքի և սալորենու օսպա հիվանդությունների հայտնաբերման հավաքածուների ձեռքբերման համար: Գնումից հետո տվյալ մեթոդները կներդրվեն գլխամասային կառույցում և կընգրկվեն «ՀԱԲԼԾԿ» ՊՈԱԿ-ի հավատարմագրման ոլորտում:
Հետագծելիության սկզբունքով՝ կարանտին վնասակար օրգանիզմների հայտնաբերմանն ուղղված բուսասանիտարական մշտադիտարկում է իրականացվել Արագածոտնի մարզում հիմնադրված «Սորտստոր» (Կարբի գյուղի վարչական շրջանի տարածք), «ՎՌ արմենիան ֆրութ» և «Ֆանֆրութ» (Թալինի տարածաշրջան, Արագածավանի վարչական տարածք) ՍՊԸ-ներին պատկանող ինտենսիվ այգիներում։
«Ֆանֆրութ» ՍՊԸ-ին պատկանող տանձենու այգիներից նմուշառված 4 նմուշներից 3-ում, «ՎՌ արմենիան ֆրութ» ՍՊԸ-ին պատկանող այգիներից նմուշառված 3 նմուշներից 1-ում և «Սորտստոր» ՍՊԸ-ին պատկանող պտղատու այգիներից նմուշառված 8 նմուշներից 3-ում հայտնաբերվել է բակտերիալ այրվածք (Erwinia amilovora) կարանտին հիվանդությունը:
Տնտեսավարողների հետ տարվել են խորհրդատվական աշխատանքներ այդ և այլ հիվանդությունների դեմ պայքարի միջոցառումներ կիրառելու մասին՝ հնարավոր տնտեսական վնասի մեղմման նպատակով:
Պտղատուների բակտերիալ այրվածք՝ Erwinia amilovora, կարանտին հիվանդությունը տարածված է Հայաստանի ողջ տարածքում դեռևս ԽՍՀՄ ժամանակներից:
ՍԱՏՄ-ից հայտնում են, որ բույսերի հիվանդություններն առաջացնում են տնտեսական խնդիրներ, սակայն անվնաս են մարդու առողջության համար:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին