Տաթև Հայրապետյան. Մեկ տարի անց ոչ ոք արդեն որևէ թիվ ու բառ չի ասում ՀՀ օկուպացված տարածքների մասին
Ադրբեջանի հարցերով փորձագետ Տաթևիկ Հայրապետյանը գրում է.
«Ուղիղ մեկ տարի առաջ այս օրը՝ Ադրբեջանը լայնամասշտաբ ռազմական հարձակման անցավ Հայաստանի Հանրապետության դեմ: Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականության և ինքնիշխանության դեմ իրականացված ռազմական ագրեսիայի հետևանքով հայկական կողմն ունեցավ 224 զոհ։
Արդեն 2022 թվականի նոյեմբերի վերջին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Ադրբեջանը երեք հարձակումների արդյունքում օկուպացրել է Հայաստանի մոտ 140 քառակուսի կիլոմետր ինքնիշխան տարածք։
Մինչ այդ Փաշինյանը հայտարարել էր, որ 2021 թ. մայիսի 12-ին ադրբեջանական զորքերի ներթափանցման հետևանքով օկուպացված են ՀՀ մաս կազմող 40-45 քառակուսի կիլոմետր տարածք:
«2022 թ. սեպտեմբերյան ագրեսիայի հետեւանքով Ադրբեջանն օկուպացրել է ՀՀ ինքնիշխան տարածքի շուրջ 150 քառ/կմ տարածք»,–մարտի 24–ին Ազգային Ժողովում նշել էր Արարատ Միրզորյանը: Դա հակասում էր Փաշինյանի նշած թվին:
Մեկ տարի անց, ոչ ոք արդեն որևէ թիվ ու բառ չի ասում ՀՀ օկուպացված տարածքների մասին, ոչ ոք չի խոսում ՀՀ–ի դեմ սանձազերծված լայնամասշտաբ գործողություններից, ոչ ոք չի խոսում, որ մենք երկու օրվա մեջ ավելի քան 200 կյանք ենք կորցրել...
Ինչու՞, հավանաբար, որ չխաթարվի «խաղաղության» կեղծ, անբովանդակ ու վտանգավոր օրակարգը: ՀՀ օկուպացված տարածքների թեման արագորեն դուրս եկավ օրակարգից, որովհետև անգամ Արցախն ու ՀՀ–ն Իրանին ու ՀՀ–ն Վրաստանին կապող միջպետական ճանապարհները զիջելու դիմաց Փաշինյանը չի կարող հարկադրել Ալիևին դուրս գալ ՀՀ օկուպացված տարածքներից: Դրա համար թեման արագորեն մոռացվում է: Սա այն ամենն է, ինչ պետք է իմանալ Փաշինյանի բանակցային ունակությունների և «ձեռքբերումների» մասին:
Ցավակցում եմ մեր զոհերի ընտանիքներին ու հարազատներին: Ցավում եմ մեր երկրի համար, որ նման ղեկավարություն ունի, որի ամեն քայլ միմիայն մեծացնում է հակառակորդի ախորժակը՝ ավելի մեծացնելով մեր երկրի դեմ ուղղված սպառնալիքները»։
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան