Եղանակային պայմանների պատճառով Երևան-Կապան թռիչքների հետ կապված խնդիրներ են եղել. Սանոսյան
«Գորիսի օդանավակայանի վերագործարկման ուղղությամբ որոշ աշխատանքներ արդեն իրականացվել են»,- Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ասաց ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը։
Նա նշեց, որ աշխատանքային խումբ է գործուղվել Սյունիք, տեղում ծանոթացել առկա իրավիճակին և նախանշել անելիքները. «Անելիքները կարող ենք երկու մասի բաժանել՝ բուն թռիչքուղին և կից ենթակառուցվածքները՝ շենք-շինությունները, որոնք պետք է սպասարկեն քաղաքացիներին։
Եվ աշխատանքները բաժանել ենք երկու մասի՝ առաջին հերթին նախ թռիչքուղին կարգի բերել, համապատասխանեցնել որոշակի ստանդարտների։
Կարծում եմ՝ տեղյակ եք, որ Կապանի օդանավակայանը հարակից կամ հարևան ռեզերվային օդանավակայան չունի։ Եվ լինում են դեպքեր, արդեն 4 դեպք ունենք, երբ Կապանի չվերթները կամ չեղարկվում են, կամ դեպք ենք ունեցել, երբ օդանավը Սյունիքից վերադառնում է Երևան, քանի որ այլ տեղ չունի, եթե անբարենպաստ եղանակային պայմաններ են։
Այսինքն՝ Գորիսի օդանավակայանը կարող է նախ այդ նպատակին ծառայել և Կապանում վատ եղանակային պայմանների դեպքում որպես ռեզերվային օդանավակայան օգտագործվել»:
Հարցին՝ ի՞նչ խնդիրներ են առաջացել Երևան-Կապան թռիչքների ժամանակ, Գնել Սանոսյանը պատասխանեց. «Արձանագրվել ենք որոշակի մասնագիտական խնդիրներ կամ անելիքներ, որոնք լուծելուց հետո արդեն կանոնավոր չվերթներ ունենք: Մենք արդեն 4 անգամ եղանակային պայմաններով պայմանավորված խնդիրներ ենք ունեցել։ Ընթացքում դեռ նոր սարքավորումների, հատկապես նավիգացիոն ոլորտում սարքավորումների տեղադրման կարիք ունենք, որոնք գնման գործընթացում են, ինչն ավելի կհեշտացնի սպասարկումը։
Բայց այս պահին հիմնականում պատրաստ է, նորմալ է, միակ խնդիրը, որն առաջանում է, դա եղանակային պայմաններն են։ Բայց նման խնդիր եղել է նաև Սովետական միության տարիներին»։
Հարակից հրապարակումներ`
- Կապանի օդանավակայանի վրա ադրբեջանական կրակոցների փաստով քրեական վարույթ է նախաձեռնվել
- Երևան-Կապան չվերթի օդանավը չի կարողացել Սյունիքում վայրէջք կատարել
- Երևան-Կապան այսօր նախատեսված չվերթը հետաձգվել է