Ըստ թուրք լրագրողի՝ Թուրքիան դուրս է մնացել Հնդկաստան-Մերձավոր Արևելք-Եվրոպա նախագծից
Թուրք լրագրող, Մերձավոր Արևելքի մասնագետ Իբրահիմ Վարլըն ընդդիմադիր ուղղվածությամբ «Diken» կայքում հրապարկել է հոդված, որտեղ անդրադարձել է Թուրքիայի ներկայիս վիճակին ու արտաքին քաղաքականությանը։ Այս մասին գրում է Էրմենիհաբերը։
«Ուշագրավ է և միանգամայն իմաստալից այն հանգամանքը, որ Թուրքիան, որը փորձում է «աշխարհաքաղաքականություն վաճառելով» խաղի կանոն թելադրել ուկրաինական պատերազմի հետ առաջացած նոր հավասարման մեջ, շրջանցվել է Հնդկաստան-Մերձավոր Արևելք-Եվրոպա միջանցքում։
Մինչ ԱԶԿ-ական նախագահ Էրդողանը սեղմում է «հեղաշրջում անող Սիսիի» ձեռքը և կեցվածք է ընդունում, Թուրքիայի՝ Մումբայից Համբուրգի նավահանգիստ ձգվող միջանցքից դուրս մնալը կարևոր հուշումներ է տալիս նոր դարաշրջանի աշխարհաքաղաքական հավասարման մասին»։
Էրդողանն իր զայրույթն արտահայտել է նախագծի վերաբերյալ՝ ասելով. «Առանց Թուրքիայի միջանցք չկա և չնայած նա ասում է՝ «Արևելքից արևմուտք երթևեկության համար ամենահարմար գիծը պետք է անցնի Թուրքիայի տարածքով», աշխարհաքաղաքական իրողությունն այլ բան է ասում»,- գրում է Վարլըն։
Այնուհետև հոդվածի հեղինակը վկայակոչում է «Yetkinreport.com» կայքի լրագրող Մուրադ Յեթքինն, ով ասում է, որ սա դեռևս 2018-ին որոշված նախագիծ էր, այլ ոչ թե G20-ի գագաթնաժողովին է միանգամից «խելքներին փչել» իրագործել։
Հեղինակը եզրափակում է հոդվածն այն համոզմամբ, որ այս իրավիճակը կապված է Ռուսաստանի հետ Անկարայի ռազմաքաղաքական-տնտեսական հարաբերությունների հետ։ Թեև ԱՄՆ-ն նախկինի պես հզոր չէ, այն դեռ ուժեղ է և հստակ ուղերձ է տալիս Թուրքիային՝ դու այստե՞ղ ես ինձ հետ, թե՞ այնտեղ ես։
Յեթքինի խոսքով՝ նախագիծն ավարտված չէ, և ԱՄՆ-ն բաց դուռ է թողել Թուրքիայի համար։ Դրա համար էլ Անկարան պետք է կատարի իր ընտրությունը։