ԿԳՄՍՆ պարզաբանումը՝ էլեկտրոնային մատյանների լրացման կարգավորումների վերաբերյալ
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը շրջաբերական գրություն է ուղարկել Երևանի քաղաքապետարանին և ՀՀ մարզպետարաններին` պարզաբանելով հանրակրթական դպրոցներում էլեկտրոնային մատյանների լրացման կարգավորումներին առնչվող հարցերը` պայմանավորված հանրակրթական նոր չափորոշչի ներդրման գործընթացով:
Գրությամբ ՀՀ մարզպետարաններին և Երևանի քաղաքապետարանին առաջարկվել է իրենց ենթակայությամբ գործող դպրոցներին իրազեկել, որ ուսումնական առարկաների թեմատիկ պլանները՝ էլեկտրոնային տարբերակով, լրացվում են համաձայն ՀՀ ԿԳՄՍ նախարարի 2020 թ. սեպտեմբերի 8-ի 28-Ն հրամանով հաստատված «Հանրակրթական ուսումնական հաստատություններում գործածվող փաստաթղթերի լրացման կարգի»։
Նախարարությունից հայտնում են, որ նույն գրությունը ուղարկվել նաև ԿԳՄՍ նախարարության ենթակայությամբ գործող հանրակրթական ուսումնական հաստատությունների և ոչ պետական դպրոցների տնօրեններին:
Շրջաբերականում մասնավորապես նշվում է. «Թեմատիկ պլանները, համաձայն վերոգրյալ կարգի 11-րդ կետի, ներբեռնվում են էլեկտրոնային մատյան՝ Word կամ PDF ձևաչափով։
Համակարգը հնարավորություն է տալիս թեմատիկ պլանները գրանցել էլեկտրոնային մատյանում՝ ըստ թեմաների և դասերի, և ամենօրյա լրացման ժամանակ ընտրել համապատասխան ցանկից: Այս ձևով լրացնելու դեպքում, որպես ոչ պարտադիր լրացման դաշտ, առկա են նաև թեմայի նպատակները և վերջնարդյունքները: Ուսուցիչները կարող են ընտրել էլեկտրոնային մատյանի լրացման իրենց համար ավելի նախընտրելի տարբերակը:
«Հանրակրթության պետական նոր չափորոշչի» ներդրմամբ պայմանավորված՝ 2-րդ, 5-րդ, 7-րդ դասարաններում փոփոխվել են դասագրքերը, որոնք սեպտեմբեր ամսվա ընթացքում փուլային ձևով բաշխվում են դպրոցներում:
Նշված դասարաններում բոլոր այն առարկաների ուսուցումը, որոնց համար չկան երաշխավորված դասագրքեր, անհրաժեշտ է կազմակերպել նախկին դասագրքերով և տրամադրված ուսումնական նյութերով։
Այն առարկաների ուսուցումը, որոնք առաջին անգամ են դասավանդվում տվյալ դասարանում, անհրաժեշտ է կազմակերպել առարկայական ծրագրերի և ուսումնական նյութերի հիման վրա»:
«Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի «Պաշարների շտեմարանում» տեղադրված են առարկայական ծրագրերը և ուսումնական նյութերը: Դրանք հասանելի են նաև էլեկտրոնային մատյանում։
Հիշեցնենք, որ նոր կարգավորումները դժգոհությունների առիթ են տվել ուսուցիչների շրջանում։ Երեկ մի խումբ ուսուցիչներ բողոքի ակցիա էին իրականացնում նախարարության շենքի դիմաց։
Հարակից հրապարակումներ`
- Նոր չափորոշիչները նոր մոտեցումներ են պահանջում. Նախարարը՝ դժգոհող ուսուցիչներին
- Ծիծաղո՞ւմ եք դուք մեր վրա. Ուսուցիչների բողոքի ակցիան ԿԳՄՍՆ մոտ
- «Զառ» ուսումնական կենտրոնում ազդարարվեց «Արծիվ գործընկեր-2023» հայ-ամերիկյան զորավարժության մեկնարկը. ՀՀ ՊՆ
- Հաստատվել է դպրոցներում երկարօրյա ուսուցման կազմակերպման նոր կարգը
- Աշխարհահռչակ վիտուոզ դաշնակահար Նոբույուկի Ցուջին ելույթ կունենա Երևանում
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին