«Բարեկարգման» անվան տակ հերթական ծառերի սպանդը Կապանում
Կապան քաղաքի բնակիչներն ահազանգում են, որ այս օրերին հերթական անգամ մայթերի և գետերի եզրերի «բարեկարգման» անվան տակ քաղաքում մեծ ծավալների ծառահատումներ են իրականացվում: 2020 թվականի պատերազմական տարում Կապանում մի քանի առողջ, հաստաբուն սոսիներ կտրվեցին: Դրանց մի մասը Ողջի գետի ափին էր: Անցել է երկու տարի, սակայն կտրած ծառերի փոխարեն նորերը չեն տնկել: Մի քանի նման հսկաներ էլ կտրվել էին համայնքային նշանակության շինություն կառուցելու համար:
Այս օրերին նույն տրամաբանությամբ համայնքապետարանը ձեռնամուխ է եղել Վաչագան գետի մաքրմանը և ափեզրի բարեկարգմանը: Այս անգամ «բարեկարգման» անվան տակ կտրվում են ինչպես բազմամյա, այնպես էլ մատղաշ, նոր տնկած սոճիներ և եղևնիներ: Համայնքապետարանը որոշել է նաև մաքրել Վաչագան գետը և այնտեղ ծանր տեխնիկա մտցրել՝ լրջորեն խաթարելով գետի էկոհամակարգը:
Տապալված բազմամյա սոճիները նախանձելի հետևողականությամբ կտրատվում են չորս մետր երկարությամբ գերանների տեսքով: Հայտնի է, որ այդ չափը սովորաբար արտադրական նպատակներով են օգտագործում: Տրամաբանական հարց է ծագում, թե ո՞ւմ փայտի արտադրամասի համար են ձեռնարկել բարեկարգման անվան տակ արժեքավոր ծառերի համատարած հատումը: Հարց է նաև, թե արդյո՞ք դրանց փոխարեն նորերն են տնկվելու, թե նախորդ հատումների բախտին են արժանանալու և ի՞նչ ծառեր են լինելու, որոնք կկարողանան փոխարիներ 50-60 տարեկան սոճիներին:
Մյուս կողմից ծառերի նման սպանդ է իրականցվում 44-օրյա պատերազմից հետո սահմանամերձ դարձած Կապանում: Գաղտնիք չէ, որ ժամանակակից տեխնոլոգիաների և զենքերի կիրռմամբ պատերազմներում ծառերն ունեն կարևոր պաշտպանական, անվտանգային դեր: Որն է տրամաբանությունը, երբ ճանապարհներն ամբողջովին մերկացվում են ծառերից և հայտնի էլ չէ, թե դրանց փոխարեն նորերն կտնկվեն, թե ոչ:
Հարակից հրապարակումներ`
- Կրկին ահազանգ՝ Երևանում նոր ծառահատումների մասին
- Թարխանյան. Առանց այն էլ կանաչապատ տարածքներից աղքատ մայրաքաղաքում ծառահատումներ եք անում, որ ինչ անեք
- Ապօրինի ծառահատումներ Ծաղկաձոր համայնքում
- Լոռու մարզում բացահայտվել են լայնածավալ ապօրինի ծառահատումների դեպքեր
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան