Անվանի ջութակահար Սերգեյ Խաչատրյանը Ազգային ֆիլհարմոնիկի հետ Հայաստանի մարզերում շրջագայություն կունենա
Հայասատանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր՝ Էդուարդ Թոփչյան) բացում է իր 98-րդ համերգաշրջանը: Մեկնարկում է Երևանյան միջազգային երաժշտական 15-րդ փառատոնը՝ նվիրված մեծն կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի ծննդյան 120-ամյակին:
Հայասատանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբից հայտնում են, որ ողջ փառատոնի ընթացքում կհնչեն Արամ Խաչատրյանի հայտնի և սիրված ստեղծագործությունները: Բացման համերգին՝ սեպտեմբերի 15-ին, «Արամ Խաչատրյան» համերգասրահում հանդես կգա անվանի դաշնակահար, Չայկովսկու անվան միջազգային մրցույթի առաջին մրցանակակիր (2015թ.) Դմիտրի Մասլեևը՝ դիրիժոր Վալենտին Ուրյուպինի ղեկավարությամբ: Ծրագրում կհնչեն Խաչատրյանի թիվ 1 Սիմֆոնիան և Պրոկոֆևի Դաշնամուրի և նվագախմբի համար գրված թիվ 3 կոնցերտը:
Փառատոնի նշանավոր իրադարձություններից են անվանի ջութակահար Սերգեյ Խաչատրյանի և Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի համերգները Մեղրիում, Կապանում, Գորիսում և Գյումրիում: Շրջագայությունը կեզրափակվի երևանյան համերգով` սեպտեմբեր 28-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում: Համերգները կղեկավարի նշանավոր դիրիժոր Ստանիսլավ Կոչանովսկին, ով 2024/2025 համերգաշրջանում կստանձնի NDR Radio Philharmonic նվագախմբի գլխավոր դիրիժորի պաշտոնը:
15-րդ Երևանյան միջազգային երաժշտական փառատոնը այս տարի ևս աչքի է ընկնում աստղային մենակատարների կազմով. GRAMMY մրցանակակիր, ֆենոմենալ ջութակահար Ագուստին Հադելիխը հոկտեմբերի 2-ին կվերադառնա Հայաստան բացառիկ համերգով, որը կղեկավարի մաեստրո Էդուարդ Թոփչյանը, իսկ աշխարհահռչակ օպերային երգիչ տենոր Ռամոն Վարգասը մենահամերգով հանդես կգա հոկտեմբերի 18-ին: Փառատոնի փակումը կնշանավորվի Ջուզեպպե Վերդիի «Պարահանդես-դիմակահանդես» օպերայի համերգային կատարմամբ:
Փառատոնի ընթացքում կկայանա նաև Ա.Խաչատրյանի վերջին հեղինակային ծրագրով համերգ, որտեղ կներկայացվեն կոմպոզիտորի հազվադեպ կատարվող կամերային ստեղծագործությունները:
Ի մեծարումն Արամ Խաչատրյանի՝ կոմպոզիտորի 120-ամյակի շրջանակներում Հայաստանի ազգային Ֆիլհարմոնիկ նվագախումբը հյուրախաղերով հանդես կգա Եվրոպայի, Ամերիկայի Միացյալ Նահանգների և Կանադայի այնպիսի հեղինակավոր համերգասրահներում, ինչպիսիք են՝ Carnegie Hall, Le Maison Symphonique, Megaro Moussikis, Boston Symphony Hall, Roy Thomson Hall համերգասրահները: Համերգների ընթացքում Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ հանդես կգան հայ անվանի մենակատարներ դաշնակահար Սերգեյ Բաբայանը, ջութակահարներ Սերգեյ Խաչատրյանը և Անուշ Նիկողոսյանը՝ մաեստրո Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ:
Հարակից հրապարակումներ`
- Արամ Խաչատրյանի երաժշտությունը հրթիռի պես է, ինքն է իր ճանապարհը բացել. Դանիել Երաժիշտ
- «Արամ Խաչատրյան-120» գիտաժողով՝ ԳԱԱ-ում. մեծ կոմպոզիտորի մասին ամեն ինչ դեռ ասված չէ
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին