Երասխի գործարանի կառուցման վայրը փաստացի տեղափոխվել է. Sputnik-ը լուսանկարներ է հրապարակել
Երասխում հայ-ամերիկյան մետալուրգիական գործարանի կառուցման վայրը փաստացի տեղափոխվել է Արարատ քաղաքի հարակից տարածք: Այս մասին գրում է Sputnik Արմենիան ու հիշեցնում, որ ավելի վաղ գրել էր՝ Երասխում կառուցվող գործարանն առաջիկայում կարող է տեղափոխվել ավելի անվտանգ վայր։ Դրանից հետո երկու բաժնետերերից մեկը` Virtual Funding ընկերության սեփականատեր, գործարանը կառուցող GTB ընկերության տնօրենների խորհրդի նախագահ Գրիգոր Տեր-Ղազարյանը հայտարարել էր, որ նման ծրագրեր այս պահին չկան, և «տեխնիկական դադարից» հետո շինարարությունը կշարունակվի։
Հիշեցնենք, որ նախօրեին ԵՄ առաքելությունը X–ի իր էջում գրել էր, որ իր ներկայությամբ նպաստում են նյութերի և սարքավորումների ապահով և անվտանգ տեղափոխմանը նոր վայր, սակայն հետո խմբագրվել էր գրառումը։
Sputnik Արմենիայի թղթակիցը եղել է Երասխի տարածքում և համոզվել, որ շինարարությունը սառեցված է։ Գործարանի կառուցման վայրում աշխատակիցներից միայն պահակն է եղել։
Տեղացիները թղթակցին հայտնել են, որ գործարանը փաստացի տեղափոխվել է։ Վերջին օրերին նրանք նկատել են, թե ինչպես է աստիճանաբար շինհրապարակից հանվում ամբողջ ապրանքն ու տեխնիկան։ Նրանք նաև փաստել են, որ աշխատանքներն իսկապես տարվել են ԵՄ դիտորդերի հսկողությամբ։
«ԵՄ դիտորդները ներկա էին, որ աշխատողները կարողանան ամեն ինչ հանել, այլապես ադրբեջանցիները կրակում էին, թույլ չէին տալիս մտնել շինհրապարակ», - ասել է բնակիչներից մեկը:
Փաստացի գործարանն այժմ կառուցվում է Արարատ քաղաքին հարող տարածքում։ Ըստ Sputnik Արմենիայի տեղեկության` այնտեղ շինաշխատանքները մեկնարկել են դեռևս հուլիսին։
ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից գործարանի տեղափոխման մասին տեղեկությունը ո՛չ հաստատել են, ո՛չ էլ հերքել։
«Այս պահին քննարկումներ են ընթանում կառավարության մակարդակով», - նշել են գերատեսչությունից:
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում։
Հարակից հրապարակումներ`
- ԵՄ դիտորդական առաքելությունը խմբագրել է Երասխի գործարանի վերաբերյալ գրառումը
- Երասխի գործարանը տեղափոխվում է այլ վայր
- Երասխում գործարանը կառուցող ընկերությունը հայտնում է Ադրբեջանի կողմից աննախադեպ քանակի կրակոցների մասին
- «Հրապարակ». Քննարկվում է Երասխի գործարանի կառուցման վայրի հնարավոր տեղափոխման հարցը
- Հայաստանը պատասխանել է Երասխի գործարանի վերաբերյալ Ադրբեջանի նամակին
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան