Էլեկտրական շարժիչով տրանսպորտային միջոցների ներկրման արտոնությունը երկարաձգվեց մինչև 2025 թ. հունվարի 1-ը
«ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագծի ընդունումը պայմանավորված է էլեկտրական շարժիչով մեծ, միջին և փոքր ավտոբուսների, մարդատար տրանսպորտային միջոցների, մոտոցիկլետների և մոպեդների ներմուծումը և օտարումը ավելացված արժեքի հարկից ազատման մասով գործող օրենսդրական նորմը ևս մեկ տարով երկարաձգելու անհրաժեշտությամբ»,-կառավարության նիստում հայտնեց էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը:
Փոխնախարարը հիշեցրեց, որ արտոնությունը սահմանված է մինչև 2024 թ. հունվարի 1-ը և օրենքի նախագծով առաջարկվում է ԱԱՀ-ից ազատման արտոնությունը երկարաձգել մինչև 2025-ի հունվարի 1-ը:
«2022-ին ներմուծման ծավալը 2021 թվականի համեմատ աճել է 1,8 անգամ, իսկ 2020-ի համեմատ՝ շուրջ 12 անգամ, էլեկտրական շարժիչով մոտոցիկլետների և մոպեդների ներմուծման ծավալը 2022-ին, 2021-ի համեմատ, աճել է 3,8 անգամ»,-ասաց Խոջոյանը և տեղեկացրեց, որ ԵՏՀ հարթակում քննարկվում է էլեկտրական շարժիչներով տրանսպորտային միջոցների՝ ևս 2 տարով մաքսատուրքի վճարումից ազատելու հարցը:
Նիկոլ Փաշինյանն ուրախալի համարեց էլէկտրական փոխադրամիջոցների ներմուծման ծավալների աճը, բայց խնդիր համարեց, որ դեռ բավարար չափով արագ լիցքավորող կայաններ չկան:
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն էլ հավելեց, որ ոլորտում երկու հիմնահարց կա:
«Մեկը մեքենաների ուտիլիզացիան է, մեզ պետք են ենթակառուցվածքների զարգացման սցենարներ, բայց մենք 2025-ից կունենանք նպատակային խթանման ծրագիր, որովհետև իրոք կարող ենք հայտնվել մի իրավիճակում, որ ամբողջ աշխարհը ուտիլիզացման ենթակա տրանսպորտային միջոցները ուղարկի Հայաստան: Մենք ուշադիր հետևելու ենք, որ նման բան տեղի չունենա; Ամփոփելով՝ ասեմ, որ դեռևս 2024-ը կլինի լայնամասշտաբ արտոնության տարի, դրանից հետո կարգավորումներով այդ հարցերը կկարգավորենք, որպեսզի թիրախում լինի նոր մեքենան, նոր շահառուն»,-ասաց Գրիգորյանը:
Հարակից հրապարակումներ`
- Տրոլեյբուսային 2Ա երթուղում բնակիչների ուղևորափոխադրումը կիրականացվի նաև էլեկտրական առաջին ավտոբուսով
- Հայաստանում բացվել է «Տեսլա» էլեկտրամոբիլների մասնագիտացված սրահ
- ԵՄ-ում էլեկտրամոբիլները ձայն կհանեն
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան