«Հրանտն այլևս չկար, բայց երջանկության հոտը դեռ մեր տան մեջ էր․․․»
Նունեի համար աշխարհի ամենալավ տեղն իր ծննդավայրն էր՝ Ջերմուկը, քանի դեռ ճակատագիրը նրան չէր տարել Արցախ, որտեղ գտավ իր երջակությունը և որտեղ կորցրեց այն։
Հիմա նա պաշարված Արցախում է իր 3 երեխաների հետ։ Արցախից չի հեռանում հանուն 44-օրյա պատերազմում զոհված ամուսնու ու հանուն նրա ծնողների, որոնք որդու կարոտն ու կիսատ մնացած կյանքը թոռների մեջ են վերագտնում։
***
«Արցախ էի եկել սովորելու։ Մայրս արմատներով արցախցի է, այդ ժամանակ աշխատանքի առաջարկ էր ստացել Պաշտպանության բանակից՝ աշխատելու որպես բուժքույր, և անցել էր ծառայության Մարտունիում, ես էլ եկա Ստեփանակերտ, որ իրեն ավելի մոտ լինեմ»,-պատմել է Նունեն Ankakh.com-ին։
2007 թվականին Նունեն ընդունվում է Արցախի պետական համալսարան՝ տնտեսաիրավաբանական ֆակուլտետ։ Ապագա ամուսնու՝ Հրանտի հետ ծանոթանում են հենց ընդունելության քննությունների օրը։ Հետո պարզում է՝ նույն կուրսից են, բայց տարբեր խմբերից։
«Առաջին կուրսի վերջում սկսեցինք շփվել։ 2009 թվականին նշանվեցինք, Հրանտը գնաց բանակ։ 2011-ին վերադարձավ, ամուսնացանք»։
2012 թ․ ծնվում է Նունեի ու Հրանտի առաջնեկ որդին՝ Մավրը, 2016-ին ծնվում է նրանց դուստրը՝ Մերին, իսկ 2020 թվականին՝ պատերազմից առաջ, ծնվում է փոքր որդին՝ Արամը։
«Մեզ համար ամեն օր տոն էր, Գրանտոն (մենք իրեն էդպես էինք ասում) ուներ մեծ ընկերական շրջապատ, շատ կենսուրախ մարդ էր, ամեն օր Արցախի մի անկյունում հավաքվում էինք ընկերներով։ Շատ, չափից դուրս շատ էր սիրում էր իր հայրենիքը։ Ասում էր՝ Արցախից բացի ուրիշ տեղ չեմ կարող ապրել, Արցախն է իմ տունը։ Այն մարդկանցից էր, որ իսկապես պատրաստ էր կյանքը զոհաբերել հանուն այս հողի»։
Նունեն հիշում է՝ երբ Հրանտը լսում էր «Գինի լից» երգը, ասում էր՝ երանի նրան, ով իր հողի համար կմեռնի։
«Ասում էի՝ լավ էլի, մի խոսիր էդպիսի բաներ, ասում էր՝ դու չես պատկերացնում, թե դա ինչ է։ Ու հատկապես պատերազմից առաջ միայն հայրենասիրական երգեր էր լսում։ Ողջ 2019 թվականի ընթացքում Հրանտն իր կոլեկտիվի համար էքսկուրսիաներ էր կազմակերպում Արցախի տարբեր բնակավայրերում։ Ոնց որ ագահի պես ուզենար վայելել այդ հողերը, որ հիմա անցել են թշնամուն»։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին