Միզապարկի քաղցկեղ․ ախտանիշներ, որոնք չի կարելի անտեսել
Ինչու են տղամարդիկ կանանցից ավելի հաճախ հիվանդանում միզապարկի քաղցկեղով, հնարավո՞ր է կանխել այդ հիվանդությունը: Ինչ է կարևոր իմանալ շագանակագեղձի քաղցկեղի մասին, բուժման ինչ մեթոդներ են այսօր կիրառվում Հայաստանում։ Այս հարցերի շուրջ Panorama.am-ը զրուցել է Վ.Ա. Ֆանարջյանի անվան Ուռուցքաբանության ազգային կենտրոնի օնկոուրոլոգիական բաժանմունքի ղեկավար, ուռուցքաբան-ուրոլոգ Կարեն Ծառուկյանի հետ։
Մասնագետի խոսքով՝ ուրոլոգիական հիվանդությունները տարածված են միջին և միջինից բարձր տարիքի տղամարդկանց շրջանում, սակայն կարող են հանդիպել նաև երիտասարդների մոտ։ Ուստի, ըստ նրա, ժամանակին պետք է ախտորոշվել հետագա բարդություններից խուսափելու համար։
Իսկ թե ինչու է կարևոր ժամանակին հետազոտվելը, Կարեն Ծառուկյանը նշում է, որ միզապարկի և շագանակագեղձի բազմաթիվ բարորակ հիվանդություններ ունեն նույն ախտանշաններն, ինչ միզապարկի և շագանակագեղձի չարորակ գոյացությունները։ «Դրա համար ցանկացած գանգատի դեպքում պետք է հետազոտվել այդ հիվանդությունները վաղ փուլում հայտնաբերելու համար»,- ասում է նա։
Ինչպես է ախտորոշվում շագանակագեղձի և միզապարկի քաղցկեղը
Ուրոլոգի խոսքով՝ առաջին հերթին անհրաժեշտ է մասնագետի խորհրդատվություն, որից հետո արդեն կկազմվի հետագա հետազոտությունների սխեման։ Ընդհանուր առմամբ, կատարվում են ուլտրաձայնային, մագնիսառեզոնանսային հետազոտություններ, համակարգչային շերտագրում, որից հետո նշանակվում է համապատասխան բուժումը՝ կախված ուռուցքի տարածվածությունից, տարիքից, ուռուցքի տեսակից։
Միզապարկի քաղցկեղի ախտանշանները
Արյունամիզությունն ամենահաճախ հանդիպող ախտանշանն է: Այն կարող է լինել մուգ կարմիր երանգավորումից մինչև բաց վարդագույն: Բացի այդ նկատվում է հաճախամիզություն, այրոցի զգացում միզելու ժամանակ, դժվարամիզություն և այլն։
Ինչու է միզապարկի քաղցկեղը տարածված հատկապես տղամարդկանց մոտ
Կարեն Ծառաուկյանը նշում է, որ միզապարկի քաղցկեղը մի քանի անգամ առավել հաճախ է հանդիպում տղամարդկանց մոտ։ Դրանում դեր ունեն շագանակագեղձով պայմանավորված հիվանդությունները, վնասակար նյութերով համալրված արտադրամասերում աշխատելը, ինչպես նաև ծխելը։
Հենց այդ պատճառով էլ, ըստ նրա, առողջությանը հետևելը շատ կարևոր է, եթե նշված ռիսկի գործոնների հետ մարդն առնչվում է։ «Ցանկացած հիվանդություն կանխարգելելու համար նախ պետք է հրաժարվել վնասակար սովորություններից։ Կարծում եմ՝ ծխելուց կարելի է հրաժարվել միանգամից, իսկ ինչ վերաբերում է աշխատանքին, ապա եթե արտադրամասերում կիրառում են քաղցկեղածին նյութեր, պետք է խստիվ պահպանել օդափոխության կանոնները»,- ասում է բժօշկը։
Միզապարկի քաղցկեղի դեպքում ինչ բուժում է կիրառվում
Միզապարկի քաղցկեղ ախտորոշման դեպքում բուժական մոտեցումները տարբեր են՝ կախված հիվանդության փուլից։ Ինչքան վաղ փուլում հնարավոր լինի հայտնաբերել, այնքան բուժական պրոցեսն ավելի փոքր ծավալով է իրականացվում։ Այսինքն, ինչպես նշում է մասնագետը, ձեռնպահ են մնում մեծածավալ վիրահատություններից։ Արդեն ավելի ուշ փուլերում հնարավոր է լայնածավալ բուժում իրականացնել՝ ներառյալ քիմիաթերապիա, միզապարկի հեռացում։
«Իսկ այս դեպքում հիվանդները ստիպված են ապրել միզային կատետրներով, իսկ եթե չկան հակացուցումներ բուժման լավագույն եղանակը միզապարկի արմատական հեռացումն է՝ բարակ-աղիքային «նոր միզապարկի» ձևավորմամբ, որն ապահովում է նորմալ կյանքի որակ։ Այսինքն՝ հիվանդն ապրում է առանց կատետրների։ Իհարկե դա ուրոլոգիական ոլորտում համարվում է բարդ վիրահատություններից մեկը, թեև այն մեր բաժանմունքում ամենշաբաթյա բնույթ է կրում»,- նշում է Ուռուցքաբանության ազգային կենտրոնի օնկոուրոլոգիական բաժանմունքի ղեկավարը։
Նա մեկ անգամ ևս կոչ է անում ժամանակին դիմել մասնագետներին, քանի որ բուժում չստանալու դեպքում հիվանդությունը գնալով զարգանում է, ինչը հանգեցնում է մահվան։
Կարեն Ծառուկյանը նշում է, որ միջին տարիքի մարդիկ տարին մեկ պետք է անցնեն ուլտրաձայնային հետազոտություն։
Ինչ վերաբերում է բուժման մեթոդներին, ուրոլոգն ընդգծում է, որ Ուռուցքաբանության ազգային կենտրոնը համալրված է նորագույն սարքավորումներով, բժիշկները պարբերաբար վերապատրաստվում են աշխարհի առաջատար կլինիկաներում և իրենց պրակտիկայում կիրառում են ժամանակակից բուժման մեթոդները։ Այսպիսով, ըստ նրա, կլինիկայի հնարավորությունները թույլ են տալիս գործունեությունը ծավալել միջազգային ուղեցույցերի համաձայն։
Մանրամասները՝ տեսանյութում։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին