Թովմասյան. Վարդենիսի հիվանդանոցի շատ սենյակներ փուլ են գալիս մարդկանց գլխին, իսկ առողջապահության նախարարը տեղակալների հետ գնում քարոզարշավի
«Իմ հայրենի Վարդենիսում մենք ամեն օր վայելում ենք «խաղաղության» կրակոցները, գիշերում ենք «խաղաղության» կրակոցների տակ»,-ԱԺ-ում ճեպազրույցների ժամանակ հայտարարեց ԱԺ անկախ պատգամավոր Թագուհի Թովմասյանը։
Նրա խոսքով, այս պայմաններում, երբ հատկապես ադրբեջանական կողմը զորք է կուտակել Հայաստանի հետ սահմանի տարբեր հատվածներում, անվտանգային խնդիրներն առավել առաջնային են, քան, օրինակ, ԱԺ կողմից քննարկված Հարկային օրենսգրքի փոփոխությունները։
«Նաև ուզում եմ հիշեցնել, որ Արցախում մարդիկ կյանքի ու մահվան կռիվ են տալիս, հումանիտար խնդիրներն էլ ավելի են խորացել, մարդիկ նաև հանապազօրյա խնդիր ունեն հիմա։ Նման պայմաներում իշխանությունը համերգներ է կազմակերպում, գիտեք, Տիգրան Ավինյանը բարձր տրամադրությամբ Քանաքեռ-Զեյթունում համերգի էր մասնակցում»,-ասաց նա։
ԱԺ պատգամավորն ընդգծեց, որ Արցախում հատկապես երեխաները հագուստի ու կոշիկի խնդիր ունեն, քանի որ ամիսներ շարունակ պաշարված Արցախը զրկված է բոլոր տեսակի մատակարարումներից։
«Այս իրավիճակում Նիկոլ Փաշինյանի իշխանությունը զբաղված է Երևանն օկուպացնելով։ Ամեն գնով, ամեն հնարավոր օղակներով, ձևերով նրանք փորձում են Երևանում պահպանել իշխանությունը։ Այդ ճանապարհին կանգ չեն առնում ոչնչի առջև, կիրառում են վարչական ռեսուրս, այն, ինչ նախկինում մերժում էր Նիկոլ Փաշինյանը, ամբիոներից անթույլատրելի էր համարում, հիմա առավել լկտի ձևով իրականացվում է։ Դուք տեղյակ եք Արթուր Չախոյանի հրապարակած տեսանյութին, որի մասով գլխավոր դատախազությունը մինչ օրս որևէ քայլ չի իրականացրել»,-ասաց Թ. Թովմասյանը։
Նա ընդգծեց, որ այս պահին Հայաստանի բոլոր պետական պաշտոնյաները զբաղված են ընտրական գործընթացներով ու քարոզչությամբ։
«Վարդենիսի հիվանդանոցում մենք բժիշկներ չունենք, շատ սենյակներ փուլ են գալիս մարդկանց գլխին, իսկ առողջապահության նախարարը հավաքում է տեղակալներին, գնում, կանգնում է քարոզարշավին։ Այսինքն, առաջնայինը երկրորդականից տարբերելու լրջագույն խնդիր կա»,-ասաց նա։
Մանրամասները՝ տեսանյութում։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան