Փաշինյանն ազդարարում է Հայաստանի արտաքին քաղաքականության վեկտորի փոփոխության մասին.Բենիամին Մաթևոսյան
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի վերջերս արած հայտարարությունները ազդարարում են երկրի արտաքին քաղաքական վեկտորի փոփոխության մասին, կարծում է հայ քաղաքագետ Բենիամին Մաթևոսյանը։
Փորձագետի խոսքով, ինչպես Politico-ին և Repubblica-ին տված հարցազրույցներում, այնպես էլ խորհրդարանում ունեցած ելույթում Փաշինյանը ցույց տվեց Հայաստանի իշխանությունների իրական դիրքորոշումը ոչ միայն ղարաբաղյան հիմնախնդրի լուծմանը Ռուսաստանի մասնակցության, այլև առհասարակ Հարավային Կովկաս Ռուսաստանի ներկայության վերաբերյալ։
«Նիկոլ Փաշինյանի հարցազրույցը և վերջին հայտարարությունները Հայաստանի արտաքին քաղաքական վեկտորի փոփոխություն հռչակող հայտարարություններ են։ Այն ամենը, ինչ նախկինում սահմանափակվում էր Հայաստանում քարոզչությամբ՝ իշխանական լրատվամիջոցների, իշխանամետ փորձագետների քարոզչությամբ, վերջին մի քանի օրերի ընթացքում հնչել է Փաշինյանի կողմից։»,-«ՌԻԱ նովոստի»-ին ասել է Մաթևոսյանը։