Ուսուցչի ահազանգը. Չտեսնող երեխաների դպրոցում հանել են ակնաբույժի հաստիքը
«Ուսուցիչը գրագիր չէ, ուսուցչի աշխատանքի նպատակը երեխային կրթելը, դաստիարակելը, գիտելիք տալն է։ Իսկ այսօր այնպիսի պայմաններ են դրել ուսուցչի առջև, որ ողջ օրը զբաղված է մատենավարությամբ»,-նման դժգոհություն հայտնեց Երևանի՝ տեսողության խնդիրներ ունեցող երեխաների թիվ 14 դպրոցի մաթեմատիկայի ուսուցչուհի Անահիտ Ծատուրյանը։
Նա այսօր մասնակցում էր կառավարության շենքի դիմաց ուսուցիչների նախաձեռնած բողոքի ակցիային։ Դասավանդում է 19 ժամ, ստանում 100 հազար դրամ աշխատավարձ։
Ծատուրյանն ասաց՝ դպրոցը, որտեղ դասավանդում է ինքը, ավելի լուրջ խնդիրների առաջ է կանգնել։
«Օրերս եկել է հաստիքացուցակը։ Կրկնեմ՝ դպրոցում սովորում են չտեսնող և թույլ տեսողությամբ, ինչպես նաև այլ արատ ունեցող երեխաներ։ Դպրոցում վերացել է ակնաբույժի հաստիքը, որն անհասկանալի է ու զավեշտալի»,-ասաց նա։
Ա. Ծատրյանը նշեց, որ դպրոցում դասավանդում են նաև նույն հաստատության շրջանավարտներ՝ չտեսնող ուսուցիչներ, նրանց հետ աշխատում էին նաև ընթերականներ, որոնք լրացնում էին մատյանը։ Հիմա վերացնում են նաև այդ հաստիքը։
«Ո՞րն է նպատակը։ Այդ ուսուցչի հետ ո՞վ պետք է աշխատի։ Իմ կարծիքով, ցանկանում են ազատվել չտեսնող ուսուցիչներից։ Ասում են՝ չտեսնող ես, գնա, նստի տանը, թոշակ ստացի, թող քո փոխարեն ուրիշն աշխատի»,-մտահոգություն հայտնեց ուսուցիչը։
Հաջորդ խնդիրը, որ ներկայացրեց բողոքի ակցիայի մասնակից ուսուցիչը, վերաբերում է գիշերօթիկ հաստատությունում և երկարօրյա մնացող երեխաներին։
«Նրանց հետ զբաղվող դաստիարակ կար, որն իրականացնում էր դասապատրաստում, միջոցառում էր կազմակերպում, հիմա հանել են նաև այդ հաստիքը»,-ասաց նա։
Մյուս խնդիրը վերաբերում է տեխնիկական հարցերին։
«Դպրոցում սովորեցնում են համակարգչային գրագիտություն, երեխաներին սովորեցնում են համակարգչային ծրագրով աշխատել։ Համակարգիչները հին են, շատ վաղուցվա, որոշ դեպքերում նպատակին չեն ծառայում։ Եղել են բարեգործներ, որ առաջարկել են համակարգիչներ տրամադրել, բայց հիմա ասում են՝ ոչ մի բարեգործություն չի կարելի»,-նշեց ուսուցչուհին։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան