Առաջին հայ կին քանդակագործ՝ Այծեմնիկ Ուրարտուի ծննդյան օրն է
Այսօր առաջին հայ կին քանդակագործ՝ Այծեմնիկ Ուրարտուի (Տեր-Խաչատրյան, 1899-1974) ծննդյան օրն է:Մինչև ճանաչված վարպետ դառնալը Այծեմնիկ Ուրարտուն անցել է բավականին դժվար ստեղծագործական ուղի: Նախկինում քչերն էին խրախուսում կանանց բարձրագույն կրթության ձգտումը, սակայն նրա մանկավարժ հայրը սատարել է կերպարվեստի հանդեպ դստեր հետաքրքրությանը:
Այծեմնիկը ծնվել է Կարսում, կրթություն ստացել Թիֆլիսում, այնուհետև՝ Ստավրոպոլում: 1921-1926 թթ. սովորել է Բաքվի Պետական բարձրագույն գեղարվեստական դպրոցում՝ խորհրդային հայտնի քանդակագործ Ստեփան Էրզյայի արվեստանոցում: Դպրոցն ավարտելուց հետո Այծեմնիկն իր ուսուցչի միջնորդությամբ մասնակցել է Ռուս քանդակագործների ընկերության ցուցահանդեսին Մոսկվայում, ներկայացնելով երկու աշխատանք՝ «Հանգիստը» և «Անապաստանը»: Այս գործերով քանդակագործն առաջին անգամ հանդես է եկել Ուրարտու կեղծանվամբ, ինչը գրավել է հանրության ուշադրությունը:
1926 թվականին արվեստագետը տեղափոխվել է Երևան, որտեղ սկիզբ է առել նրա ստեղծագործական վերելքը: Նա լայն դիապազոնի վարպետ էր, նրան հուզել են և՛ հերոսական կերպարներ, և՛ ժամանակակից արվեստի և գիտության ներկայացուցիչներ: Մեծ թվով գործեր պատկերում են «սոցիալիստական իրականությունը», պատմական որոշ թեմաներ:
«Դիմանկարներ, կոմպոզիցիաներ, բարձրաքանդակներ՝ բոլոր ժանրերում Այծեմնիկ Ուրարտուն ձգտել է ձևերի կատարելության, արտահայտչամիջոցների բազմազանության: Նրա արվեստի ոճական ինքնատիպությունը լիովին դրսևորվել է թումանյանական հերոսների՝ Անուշի, Ալմաստի, Սասունցի Դավթի քանդակաշարում:
Ուրարտուն հմտացել է ոչ միայն հաստոցային քանդակի ոլորտում, այլև կերտել է մոնումենտալ արձաններ: Դրա փայլուն օրինակ է Մովսես Խորենացու արձանը Մատենադարանի առջև:
Ուշագրավ են ստեղծագործող անձանց դիմաքանդակները: Լավագույններից մեկը Հայաստանի ազգային պատկերասրահում պահվող ջութակահար Ավետ Գաբրիելյանի պատկերն է (1943): Այստեղ հեղինակին հաջողվել է հասնել ոչ միայն պլաստիկական ընդհանրացման՝ քանդակային ծավալի փոխանցման սրությամբ, ինչը հատուկ էներգիա է հաղորդում կերպարին, այլև արդիաշունչ տպավորության:
Այծեմնիկ Ուրարտուի՝ իբրև արվեստագետի և մանկավարժի բազմամյա գործունեությունը հայ քանդակագործության անբաժանելի մասն է»,- նշում են Հայաստանի Ազգային պատկերասրահից:
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան