Ընտրողն ի՞նչ պետք է անի, և ի՞նչ չպետք է անի սեպտեմբերի 17-ին քվեարկության սրահում
Սեպտեմբերի 17-ին Երևանի ավագանու ընտրություններին ընտրողը քվեարկությանը մասնակցում է անձամբ, լիազորված քվեարկությունն արգելվում է:
Քվեարկության սենյակում ընտրողը կատարում է 5 քայլ.
-Մոտենում է տեխնիկական սարքավորումը սպասարկող մասնագետին և ներկայացնում իր անձը հաստատող փաստաթուղթը: Սարքավորմամբ տպված կտրոնը ստանալուց հետո ընտրողը պետք է մոտենա ընտրողների ցուցակի համար պատասխանատու հանձնաժողովի անդամին,
-Ընտրողն ընտրողների ցուցակում իր տվյալների դիմաց պետք է ստորագրի, կողքի սունյակում հանձնաժողովի անդամը կդնի իր անհատական կնիքը, նույն կնիքով կկնքի կտրոնը և կվերադարձնի ընտրողին,
-Ընտրողը պետք է մոտենա քվեաթերթիկների և ծրարների համար պատասխանատու հանձնաժողովի անդամին, ներկայացնի իր կտրոնը, ստանա քվերակությանը մասնակցող յուրաքանչյուր կուսակցության և դաշինքի մեկական քվեաթերթիկ և քվեարկության մեկ ծրար:
-Ընտրողն անցնում է քվեախցիկ՝ քվեարկելու: Տրամադրված քվեաթերթիկներից նախընտրած կուսակցության կամ դաշինքի քվեաթերթիկը պետք է ընտրվի և առանց ծալելու տեղադրվի քվեարկության ծրարի մեջ: Չօգտագործված քվեաթերթիկները գցվում են այդ քվեախցիկում տեղադրված հատուկ արկղի մեջ:
-Քվերակելուց հետո ընտրողը մոտենում է քվեատուփին և հանձնաժողովի անդամին տրամադրում իր կտրոնը: Հանձնաժողովի անդմը քվեարկության ծրարի կտրվածքի միջոցով քվեաթերթիկին է փակցնում ինքնասոսնձվող դրոշմանիշը, այնուհետև ընտրողին հնարավորություն է տալիս իր քվեարկության ծրարը գցել քվեատուփի մեջ:
Արգելվում է քվեարկության սրահում հայտարարել, թե ընտրողն ինչպես է ընտրել: Քվեարկելուց հետո ընտրողը պետք է անհապաղ դուրս գա քվեարկության սրահից:
Սեպտեմբերի 17-ի ընտրություններին թեկուզ 10 երևանցի էլ մասնակցի՝ ընտրությունները կհամարվեն կայացած
Ընտրության հետագա գործընթացը կարգավորվում է ՀՀ Ընտրական օրենսգրքի 141-րդ հոդվածի համաձայն, որում սակայն սահմանված չէ, թե ընտրություններին երևանցիների քանի տոկոսի մասնակցության դեպքում դրանք կհամարվեն կայացած:
Panorama.am-ը ԿԸՀ-ի Իրավաբանական վարչության պետ Լիլիա Հակոբյանից ճշտեց, թե արդյո՞ք ընտրությունները կայացած համարվելու համար օրենսգրքով սահմանված չէ ընտրողների մասնակցության նվազագույն շեմ: ԿԸՀ պշտոնյան հայտնեց, որ չի սահմանված: Մեր հարցին՝ ընտրություններին թեկուզ 10 երևանցու մասնակցության դեպքո՞ւմ էլ դրանք կայացած կհամարվեն, իրավաբանական վարչության պետը դրական պատասխան տվեց:
Ըստ օրենսգրքի՝ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը ընտրություններից հետո ամփոփում է Երևանի ավագանու ընտրությունների արդյունքները և ընդունում հետևյալ որոշումներից մեկը.
1) Երևանի ավագանի ընտրվելու մասին.
2) առանձին ընտրական տեղամասերում վերաքվեարկություն նշանակելու մասին.
3) Երևանի ավագանու ընտրություններն անվավեր ճանաչելու և ավագանու ընտրությունների վերաքվեարկություն նշանակելու մասին.
4) Երևանի ավագանու ընտրություններն անվավեր ճանաչելու և նոր ընտրություն նշանակելու մասին.
5) Երևանի ավագանու ընտրությունները չկայացած ճանաչելու և նոր ընտրություններ նշանակելու մասին։
3. Ավագանու անդամների մանդատները բաշխվում են այն կուսակցությունների (կուսակցությունների դաշինքների) ընտրական ցուցակների միջև, որոնք ստացել են կողմ քվեարկված քվեաթերթիկների ընդհանուր թվի և անճշտությունների թվի գումարի` կուսակցության դեպքում` 4%, իսկ կուսակցությունների դաշինքի դեպքում` 6 % կողմ քվեարկված քվեաթերթիկներ:
Եթե կողմ քվեարկված քվեաթերթիկների ընդհանուր թվի և անճշտությունների թվի գումարի առնվազն 4 (6) % կողմ քվեարկված քվեաթերթիկներ ստացել են 3-ից պակաս կուսակցություն (կուսակցությունների դաշինք), ապա մանդատների բաշխմանը մասնակցում են առավելագույն կողմ քվեարկված քվեաթերթիկներ ստացած 3 կուսակցությունները (կուսակցությունների դաշինքները), եթե ընտրությանը մասնակցել է 3 և ավելի կուսակցություն (կուսակցությունների դաշինք):
Եթե ընտրությանը մասնակցել է 2 կուսակցություն (կուսակցությունների դաշինք), ապա մանդատների բաշխմանը մասնակցում են 2 կուսակցությունները (կուսակցությունների դաշինքները):
Եթե ընտրությանը մասնակցել է մեկ կուսակցություն (կուսակցությունների դաշինք) և ստացել է 4 (6) % կողմ քվեարկված քվեաթերթիկներ, ապա բոլոր մանդատները տրվում են տվյալ կուսակցությանը (կուսակցությունների դաշինքին)։
Ավագանու անդամների մանդատները բաշխվում են կուսակցությունների (կուսակցությունների դաշինքների) ընտրական ցուցակների միջև՝ նրանցից յուրաքանչյուրին կողմ քվեարկված քվեաթերթիկների թվին համամասնորեն: Յուրաքանչյուր ընտրական ցուցակին հասանելիք մանդատների թվի հաշվարկը կատարվում է հետևյալ կերպ. յուրաքանչյուր ընտրական ցուցակին կողմ քվեարկված քվեաթերթիկների թիվը բազմապատկվում է ընտրական ցուցակներին հասանելիք մանդատների թվով, արդյունքը բաժանվում է մանդատների բաշխմանը մասնակցող ընտրական ցուցակներին կողմ քվեարկված քվեաթերթիկների ընդհանուր թվի վրա, և առանձնացվում են ամբողջ թվերը, որոնք յուրաքանչյուր կուսակցության (կուսակցությունների դաշինքի) ընտրական ցուցակին հասանելիք մանդատների թվերն են:
Մնացած մանդատներն ընտրական ցուցակների միջև բաշխվում են ըստ մնացորդների մեծության հերթականության՝ յուրաքանչյուրին մեկական մանդատ սկզբունքով: Մնացորդների մեծության հավասարության դեպքում վիճարկվող մանդատը տրվում է այն ընտրական ցուցակին, որին կողմ քվեարկված քվեաթերթիկների թիվն ամենամեծն է, իսկ դրանց հավասարության դեպքում մանդատը տրվում է վիճակահանությամբ:
Ընտրական ցուցակից ընտրվում է այն թեկնածուն, որի հերթական համարն ընտրական ցուցակում փոքր կամ հավասար է տվյալ ընտրական ցուցակին հասանելիք մանդատների թվին:
Եթե դրա արդյունքով կուսակցության մանդատների 70 %-ից ավելին բաժին է հասնում նույն սեռի ներկայացուցիչներին, ապա առավել շատ ներկայացված սեռի՝ 70 %-ը գերազանցող մանդատները տրամադրվում են ընտրական ցուցակի՝ պակաս ներկայացված սեռի նվազագույն համարով թեկնածուներին, եթե այդպիսիք առկա են՝ ապահովելով պակաս ներկայացված սեռի 30 %-ից ոչ պակաս ներկայացվածություն։ Եթե կուսակցության ընտրական ցուցակում ընդգրկված թեկնածուների թիվը փոքր է հասանելիք մանդատների թվից, ապա համապատասխան մանդատները մնում են թափուր։
Երևանի ավագանու անդամ ընտրված թեկնածուների մասին Կենտրոնական ընտրական հանձնաժողովը կազմում է արձանագրություն, իսկ համամասնական ընտրակարգով անցկացվող մյուս համայնքների ավագանու անդամ ընտրված թեկնածուների մասին արձանագրություն է կազմում համապատասխան ընտրատարածքային ընտրական հանձնաժողովը:
Եթե կուսակցության (կուսակցությունների դաշինքի) ընտրական ցուցակում ընդգրկված թեկնածուների թիվը փոքր է մանդատների բաշխմամբ հասանելիք մանդատների թվից, ապա այդ մանդատները մնում են թափուր:
Հոդված 142. Համամասնական ընտրակարգով անցկացվող համայնքների ավագանիների ընտրությունների վերաքվեարկություն նշանակելը, ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելը կամ ընտրությունները չկայացած ճանաչելը
1. Եթե ընտրությունների ընթացքում տեղի են ունեցել սույն օրենսգրքի այնպիսի խախտումներ, որոնք կարող էին ազդել ընտրությունների արդյունքների վրա, ապա համապատասխան ընտրական հանձնաժողովը որոշում է ընդունում առանձին ընտրական տեղամասերում վերաքվեարկություն անցկացնելու մասին, եթե այդ միջոցով հնարավոր է շտկել այդ խախտումները: Եթե այդ միջոցով հնարավոր չէ շտկել այդ խախտումները, ապա ավագանու ընտրություններն անվավեր են ճանաչվում, և նշանակվում է ավագանու ընտրությունների վերաքվեարկություն:
2. Եթե ավագանու ընտրությունների վերաքվեարկության կամ առանձին ընտրական տեղամասերում վերաքվեարկություն անցկացնելու ընթացքում տեղի են ունեցել սույն օրենսգրքի այնպիսի խախտումներ, որոնք կարող էին ազդել ընտրությունների արդյունքների վրա, ապա համապատասխան ընտրական հանձնաժողովը որոշում է ընդունում ավագանու ընտրություններն անվավեր ճանաչելու մասին և նշանակում է ավագանու ընտրությունների վերաքվեարկություն:
3. Եթե ընտրական հանձնաժողովը որոշում է ընդունում առանձին ընտրական տեղամասերում վերաքվեարկություն անցկացնելու մասին, ապա վերաքվեարկությունն անցկացվում է այդ որոշումն ընդունելուց հետո` 7-րդ օրը: Այդ դեպքում ավագանու ընտրությունների արդյունքների ամփոփման համար սույն օրենսգրքով սահմանված ժամկետները հաշվարկվում են վերաքվեարկության օրվանից:
4. Ավագանու ընտրությունների արդյունքով ընդունված որոշումը կարող է բողոքարկվել վարչական դատարան:
5. Ավագանու ընտրություններն անվավեր ճանաչելու դեպքում այդ մասին որոշումն ուժի մեջ մտնելուց ոչ շուտ, քան 14, և ոչ ուշ, քան 21 օր հետո սույն օրենսգրքով սահմանված կարգով և կուսակցությունների նույն կազմով անցկացվում է վերաքվեարկություն։
6. Վերաքվեարկությունն անցկացվում է մեկ անգամ: Վերաքվեարկությունից հետո ընտրություններն անվավեր ճանաչվելու դեպքում համապատասխան ընտրական հանձնաժողովը 21-օրյա ժամկետում նշանակում է նոր ընտրություն: Նոր ընտրությունն անցկացվում է թեկնածուների նոր առաջադրմամբ` արտահերթ ընտրության համար սույն օրենսգրքով սահմանված կարգով և ժամկետներում:
Հարակից հրապարակումներ`
- «Հրապարակ». Ինչպես են ամփոփում քարոզարշավի վերջին օրը ավագանու ընտրություններին մասնակից ուժերը
- Վահե Հովհաննիսյան. Երևանի ընտրություններ. Գարա՞ժ, թե՞ Ամարաս
- «Հրապարակ». Երևանի ավագանու ընտրությունները խաթարել են իշխանության անդորրը
- ԿԸՀ-ն հաստատել է Երևանի ավագանու ընտրությունների քվեաթերթիկների նմուշը