Ջոն Էյբներ. Հայաստանի կառավարությունն որևէ իրավունք չունի ասելու, որ Արցախի ժողովուրդն ինքնորոշման իրավունք չունի
«Հայաստանի կառավարությունն իրավասու չէ, որևէ կերպ իրավունք չունի ասելու, որ Արցախի ժողովուրդն ինքնորոշման իրավունք չունի։ Ախր իրավունքն իրավունք է։ Կարող են ընտրել՝ չպաշտպանել այդ իրավունքը»,- այսօր «Թաթոյան» հիմնադրամում տեղի ունեցած ասուլիսում ասաց Միջազգային քրիստոնեական համերաշխության կազմակերպության (CSI) միջազգային նախագահ Ջոն Էյբները՝ պատասխանելով այն դիտարկմանը, որ ՀՀ իշխանություններն ընդունում են Արցախն Ադրբեջանի կազմում։
Նա ընդգծեց, որ ինքնորոշման իրավունքը միջազգային իրավունք է, ԵԱՀԿ -ն էլ չի կարող ասել, որ ինքնորոշման իրավունք չունեն։
«Նրանք, ովքեր ծանոթ են հայոց պատմությանը, վստահաբար պետք է տեղյակ լինեն, թե Լեռնային Ղարաբաղն ինչպիսի դերակատարում է ունեցել ՀՀ ինստիտուտների կայացման գործում։
Շատ ռիսկային փորձարկում կլինի, եթե կառավարությունն ասի, որ Արցախը չունի ինքնորոշման իրավունքը։ Նրանք, ովքեր այս տրամաբանությանը կհետևեն, ստիպված կլինեն առերեսվելու Սյունիքի հարցին»,- ասաց նա։
Ասուլիսին ներկա Միացյալ Թագավորության Լորդերի պալատի անդամ, Մարդասիրական օգնություն բարեգործական կազմակերպության հիմնադիր, նախագահ բարոնուհի Քերոլայն Քոքսը պատասխանեց ստեղծված իրավիճակում միջազգային հանրության քայլերի մասին հարցին. «Շատ տխուր պատասխաններ ունեմ այս հարցի հետ կապված։ Միջազգային համայնքը ոչինչ չի անում սատարելու Հայաստանին պաշպանելու իր հիմնարար իրավունքները կամ էլ պաշտպանելու այն քաղաքացիների իրավունքը, որոնք բնակվում են ԼՂ-ում բռնարարների ձեռքին պատերազմական հանցագործ վայրագություննեի հետևանքով»։
Ջոն Էյբները շարունակեց. «Նրանք շատ հստակորեն ասում են, առանց հստակորեն ասելու, որ միջազգային համայնքը, գերտերությունները նախագծում են ամբողջ ժողովրդի ելքը Ղարաբաղից։ Նրանք իրենց տեսանկյունից ինքնորոշման իրավունքն օրակարգից հանել են։ Վաշինգտոնը վերջերս խոսում էր Լաչինի միջանցքի և Աղդամի ճանապարհը զուգահեռաբար բացելու մասին։ Եթե այս երկու ճանապարհները զուգահեռաբար բացվեն՝ ի՞նչ կլինի Արցախում։ Մտածեք, թե ինչպես կպահի իրեն բնակչությունը, ինչերի կբախվի հասարակությունն այնտեղ։
Ես կարծում եմ, հավատացած եմ, որ այսպիսի ելք է նախպատրաստվում։
Այո, ուզում ենք միջանցքը բացվի, սակայն միաժամանակ ունենալ արժանահավատ երաշխիք, մեխանիզմ՝ վստահ լինելու համար, որ ժողովրդի իրավունքները կպաշտպանվեն, ժողովուրդը չի լքի իրենց երկիրը»։
Նա նաև ընդգծեց, որ Ադրբեջանի քաղաքական, ռազմական ղեկավարությունը պետք է անհապաղ, անմիջապես պատժվի։
Հարակից հրապարակումներ`
- ՀՀ-ն ու ԼՂ-ն սիամական զույգերի նման են, միմյանցից բաժանելու ցանկացած փորձի դեպքում հավանական է երկու մասն էլ չկարողանան ապրել. Ջոն Էյբներ
- Միանգամայն հնարավոր է որ այն, ինչ արվում է Արցախի նկատմամբ, ժամանակի ընթացքում կարվի նաև Հայաստանի նկատմամբ. Քերոլայն Քոքս