ԱՄՆ-ում պայթել է քլորաթթու տեղափոխող գնացքի վագոնը․ տարածքի բնակիչներին տարհանել են
Նեբրասկա նահանգում պայթել է քլորաթթու տեղափոխող գնացքի վագոնը, իշխանությունները տարհանում են տարածքի բնակչությանը։ ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, այս մասին հայտնել է Նորթ Պլատ քաղաքի հրշեջ ծառայությունը։
«Մոտավորապես ժամը 12:10-ին (Երեւանի ժամանակով 20:10-ին) պայթյուն է տեղի ունեցել «Union Pacific Railroad Bailey Yards» ընկերության երկաթուղային կայարանում։ Հրդեհի և թունավոր ծխի պատճառով մարդկանց տարհանում են», - գրել է գերատեսչությունը X (նախկինում՝ Twitter) սոցիալական ցանցի իր էջում։
Նշվում է, որ վագոնում եղել է քլորաթթու, որն օգտագործվում է պայթուցիկ նյութերի,ւ դեղամիջոցների պատրաստման համար։ Պայթյունի պատճառը դեռևս անհայտ է, տուժածներ չկան, և ոչ մի վագոն ռելսերից դուրս չի եկել։
Դեպքի վայրում աշխատում են հրշեջ ծառայության աշխատակիցները։ Ըստ աղբյուրի՝ թեև հրդեհը մարվել է, սակայն փրկարարները շարունակում են հետևել իրավիճակին։