«Էլ ե՞րբ Ավինյանը հանդիպի ուսանողների հետ, եթե ոչ քարոզարշավի վերջին օրը»
Պատմության ուսուցիչ Վահրամ Թոքմաջյանը, անդրադառնալով Երևանի քաղաքապետի՝ քպ-ական թեկնածու Տիգրան Ավինյանի ուսանողների հետ ունեցած հանդիպմանը, գրում է.
«Պոլիտեխնիկի շուրջ երեք հարյուր ուսանող, իրենց դասախոսների հետ մասնակցում են քաղաքապետի թեկնածու Տիգրան Ավինյանի հանդիպմանը։ Աշխատանքային ժամին, դասերի հաշվին։
Իհարկե այստեղ վարչական ռեսուրսի կիրառման մասին խոսք անգամ չի կարող գնալ, քանի որ մարդիկ քննարկում են ակադեմիական քաղաքի հարցերը, պինդ մարմնի ֆիզիկային առնչվող տեսական հարցեր, ինչպես նաեւ հնարավոր է քննարկվի պինգվինների հնարավոր վերաբնակեցման հարցը գլոբալ տաքացման պայմաններում։
Ի վերջո, պարոն Ավինյանը նաեւ այդ բուհի հոգաբարձուների խորհրդի նախագահն է։ Էլ ե՞րբ հանդիպի ուսանողների հետ, եթե ոչ քարոզարշավի վերջին օրը` ժամը 12.00-ից եւ շնորհակալագրեր հանձնի արձանների լվացմանը մասնակցելու համար»։