Սամվել Շահրամանյանը ցավակցական հեռագիր է հղել անվանի պետական գործիչ Սեմյոն Բաբայանի ընտանիքին
Արցախի Հանրապետության նախագահ Սամվել Շահրամանյանը սեպտեմբերի 15-ին ցավակցական հեռագիր է հղել անվանի պետական գործիչ Սեմյոն Բաբայանի ընտանիքին։ Այս մասին հայտնում են ԱՀ նախագահի աշխատակազմից։
Հեռագրում ասված է.
«Խոր ցավով տեղեկացա մեր ժողովրդի նվիրյալ զավակ, անվանի պետական գործիչ, տեխնիկական գիտությունների դոկտոր, ակադեմիկոս Սեմյոն Բաբայանի մահվան մասին:
Սեմյոն Բաբայանն Արցախյան ազգային-ազատագրական շարժման առաջամարտիկներից էր, մարդ, որն անձնվիրաբար ծառայել է հարազատ ժողովրդի իրավունքների և օրինական շահերի պաշտպանությանը, շոշափելի ավանդ է ունեցել մեր երկրի տնտեսության, գիտության, կրթության և այլ ոլորտների կայացման ու զարգացման գործում:
Սեմյոն Բաբայանի ազգանպաստ ու հայրենանվեր գործունեությունը բարձր է գնահատվել մեր ժողովրդի և պետության կողմից:
Անդառնալի կորստի կապակցությամբ Արցախի ժողովրդի, իշխանությունների և անձամբ իմ անունից խորին ցավակցություն ու զորակցություն եմ հայտնում հանգուցյալի հարազատներին ու մերձավորներին, մաղթում բոլորին տոկունություն ու ոգու կորով:
Սեմյոն Բաբայանի պայծառ հիշատակը միշտ վառ կմնա արցախցիների հիշողության մեջ»: