Միանգամայն հնարավոր է որ այն, ինչ արվում է Արցախի նկատմամբ, ժամանակի ընթացքում կարվի նաև Հայաստանի նկատմամբ. Քերոլայն Քոքս
«Արցախի բնիկ հայ քրիստոնյա բնակչությունը կանգնած է իր պատմական հողերից էթնիկ և կրոնական զտումների աճող հավանականության առջև։ Դեռ ոչ մի ազգ չի արձագանքել հայ ժողովրդի աղաղակներին»,- Երևանում՝ Իրավունքի և արդարության կենտրոն «Թաթոյան» հիմնադրամում տեղի ունեցած ասուլիսում ասաց Միացյալ Թագավորության Լորդերի պալատի անդամ, Մարդասիրական օգնություն բարեգործական կազմակերպության հիմնադիր, նախագահ բարոնուհի Քերոլայն Քոքսը։
Նա թվարկեց՝ ոչ ՄԱԿ-ը, ոչ ԵԱՀԿ-ն, ոչ ԱՄՆ-ն, ոչ ՆԱՏՕ-ն, ոչ ՌԴ-ն, ոչ էլ ՀԱՊԿ դաշինքը։
«Ոչ մի ժողովուրդ չի դիմադրել Ստեփանակերտի նկատմամբ Բաքվի տարածքային հավակնություններին։ Հետևաբար, հարց է առաջանում՝ միջազգային հանրությունից ո՞վ կկանգնի, եթե Բաքուն տարածքային հավակնություններ ունենա Երևանի, Սևանա լճի կամ Զանգեզուրի նկատմամբ»,- ասաց բարոնուհի Քոքսը։
Նա նշեց, որ Ադրբեջանի քաղաքական ղեկավարությունը չի թաքցրել իր ռազմավարական նպատակը՝ գրավել ձեր հայրենիքը։
«Եթե Արցախն ընկնի, վտանգ կա ՞, որ Հայաստանն էլ այդպես կլինի։ Խոցելի այս վճռորոշ պահին, երբ ժողովրդավարությունը գլոբալ մակարդակով նահանջ է ապրում, ես և շատ ուրիշներ խորապես վշտացած ենք միջազգային գերտությունների գործողություններից, որոնք շարունակում են ճնշում գործադրել Հայաստանի վրա՝ ընդունելու Ադրբեջանի ինքնիշխանությունն Արցախի նկատմամբ։ Ստանալու խաղաղության պայմանագիր և կնքելու առևտային համաձայնագիր՝ սրա դիմաց Արցախի ժողովրդից ակնկալվում է, որ հրաժարվեն ինքնորոշման միջազգային իրավաչափ իրենց իրավունքից։
Ավելի քան 120 հազար բնիկ հայեր այսպիսով կդառնան հակահայկական ավտորիտար պետության քաղաքացիներ»,- ասաց բարոնուհի Քերոլայն Քոքսը։
Նա ընդգծեց՝ առանց հայկական Արցախի Հայաստանի գոյությունն էլ ավելի կվտանգվի, քան այն վտանգված է այսօր։
«Պատմությունը ցույց է տալիս, որ Հայաստանը մեկուսացված է, միջազգային նշանակալի աջակցությունից զուրկ է։ Նույնիսկ ձեր ամենամոտ դաշնակիցներն արդյունավետ պատասխան չեն տվել ձեր ժողովրդին հասցված տառապանքներին։
Խիստ ծանր սրտով է, որ մենք պետք է ընդունենք այն անհանգստացնող հավանականությունը, որ Հայոց ցեղասպանությունը չի ավարտվել։ Կան նրանք, ովքեր ցանկանում են այն ավարտին հասցնել, կան նրանք, ովքեր չեն կարողանում կամ չեն ցանկանում դադարեցնել այն։
Միանգամայն հնարավոր է, որ այն, ինչ արվում է Արցախի նկատմամբ, ժամանակի ընթացքում կարվի նաև Հայաստանի նկատմամբ։ Եթե այն պայմանագիրը, որը բանակցվում է Հայաստանի ու Ադրբեջանի միջև, արդյունքում Արցախը հանձնվի, ապա տևական խաղաղություն տարածքում չի երաշխավորվում, չի էլ կարող»,- ասաց բարոնուհին։
Հարակից հրապարակումներ`
- Քերոլայն Քոքսն այցելել է Տեղ համայնք
- Քերոլայն Քոքսն իր զորակցությունն է հայտնել Արցախի ժողովրդին
- Լեռնային Ղարաբաղի հայերը գրեթե ոչ մի աջակցություն չեն ստացել բրիտանական կառավարության կողմից․ Քերոլայն Քոքս
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան