Թալինում «արևային» ներդրումները սրել են սոցիական խնդիրները
Արագածոտնի մարզի Թալինում վերջին տարիներին ակտիվացել են արևային կայանների կառուցման ծրագրերը։ Նախ «Թալին-1» , «Թալին-2» արևային կայանների կառուցում, որոնք զգալի տարածք են զբաղեցնում, իսկ հետո ՝ ամենախոշոր ծրագիրը՝ Թալին և Դաշտադեմ համայնքների վարչական տարածքներում կառուցվող «Այգ-1» 200 ՄՎտ դրվածքային հզորությամբ արևային ֆոտովոլտային կայանի ծրագիրն է։ Այն իրականացնում է «Մասդար» ընկերությունը Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի հետ համատեղ։ «Այգ-1»-ը լինելու է Հայաստանի ֆոտովոլտային խոշորագույն էլեկտրակայանը, որի կառուցման համար նախատեսված է մոտ 200 մլն ԱՄՆ դոլար։
Թալին համայնքից «Համայնքը և երիտասարդները» երիտասարդական, խորհրդատվական ՀԿ-ի նախագահ Նարեկ Թութխալյանը Panorama.am-ի հետ զրույցում նշեց, որ համայնքից վերցվել է շուրջ 300 հա տարածք՝ որոշակի փոխհատուցման դիմաց։
«Որպես ներդրումային ծրագիր Կառավարությունը ներկայացրել է համայնքին, համայնքն էլ տվել է իր համաձայնությունը։ Սակայն համաձայնության դիմաց համայնքը ստացել է չնչին գումարներ ՝ այն ներդրումների համեմատ, որը պետք է իրականացնի «Մասդար» ընկերությունը և մեծ եկամուտ ստանա։ Այս ամենը շատ արագ է եղել։ Համայնքի հետ գրեթե հաղորդակցում չի եղել։ Համայնքի բնակիչների մեծ մասը նույնիսկ տեղյակ էլ չէ, որ տարածաշրջանում ամենամեծ արևային կայանն է կառուցվում ։ Դրանք գյուղատնտեսական նշանակության հողեր են՝ արոտավայրեր, բնականաբար այդքան հող օտարելը մեծ վնաս կհասցնի գյուղատնտեսությանը։ Մյուս կողմից էլ ՝ նույն ներդրող կազմակերպությունը հողերի վիճակի բարելավում իրականացնելու որևէ պարտավորություն չունի ։ Ենթադրենք՝ 20 տարուց հետո, երբ որոշի արևային կայանները տեղից հեռացնել»,- ասաց Նարեկ Թութխալյանը ։
Թալին համայնքում գյուղատնտեսության ոլորտում առանց այդ էլ խնդիրները քիչ չեն՝ կապված կլիմայական փոփոխությունների հետ։ Թալինը արևային օրերով ամենաերկար համայնքն է, որի հետևանքը չորությունն ու սակաջրությունն է։ Իսկ նման ծրագրեր իրականացնելիս պետք է հաշվի չառնել առկա խնդիրները և որպես իրավիճակի մեղմում՝ ֆինանսավորել հեռանկարային, երկարաժամկետ ծրագրեր։
«Ընկերությունը գերշահույթ է ունենալու և բավականին մեծ գումարներ է ստանալու։ Սակայն դրա դիմաց համայնքը ոչինչ չի ստանալու, օրինակ՝ սոցիալական պատասխանատվություն, ներդրումներ և այլն։ Թալինը այդքան տուրիստական համայնք չի համարվում, չնայած, որ բավականին պատմամշակութային վայրեր կան, սակայն որևէ աշխատանք՝ տուրիզմի զարգացման ուղղությամբ, չկա։ Հնարավոր է այս ուղղությամբ ծրագրեր մշակել։ Խնդիրն այն է, որ Կառավարությունն ինքնուրույն է ամեն բան որոշում, իսկ համայնքին զանգում ասում են՝ հաստատեք, համայնքն էլ հաստատում տալիս է և դրանով ամեն ինչ ավարտվում է»,- նշեց «Համայնքը և երիտասարդները» երիտասարդական, խորհրդատվական ՀԿ-ի նախագահը։
Եվ սա այն պարագայում, երբ Թալինում առանց այդ էլ գյուղատնտեսությունը մեծ վնասներ է կրում՝ կլիմայական փոփոխությունների պայմաններում։ Համայնքում գերխնդիր է ոռոգումը։ Կան բազմաթիվ ոռոգվող հողեր, որոնք այս պահին չեն օգտագործվում ՝ ջրի բացակայության պատճառով։
«Ջրամբարներ կան, սակայն ջրատարները, որոնք ջուրը հասցնում են գյուղացուն , վնասված են և գտնվում են անմխիթար վիճակում։ Կարող էին գումարները այսօրինակ խնդիրների լուծմանը տրամադրել, բայց դե ավելի ցուցադրական բաների վրա կծախսվեն, օրինակ ՝ ասֆալտի կամ փողոցային լուսավորության վրա» ։
Համայնքում հետզհետե կրճատվում են գյուղատնտեսությամբ և անասպահությամբ զբաղվողների թիվը։ Աշխատատեղերը հիմնականում պետական հաստատություններն են մնացել՝ դպրոց, մանկապարտեղ ևայլ։ Մեծ է նաև համայնքից արտագնա աշխատողների թիվը։ Նարեկ Թութխալյանն ասում է, որ հնարավորության դեպքում՝ նույնիսկ գալիս են Երևան աշխատանքի, երեկոյան հետ վերադառնում տուն։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան