Կարմիր բլուրում ստեղծվել է հում աղյուսի արտադրամաս, արդեն պատրաստվել են ուրարատական աղյուսների չափսերով առաջին օրինակները
Մեկնարկել է Երևանի քաղաքապետարանի, Ֆրանկոֆոն քաղաքապետների ասոցիացիայի, «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի և Գրենոբլի Հողի ճարտարապետության ուսումնասիրության կենտրոնի միջև կնքված Էրեբունի հնավայրի պահպանման,արժևորման, զբոսաշրջության խթանման և տուրիստական ծառայությունների ընդլայնման ծրագրի երկրորդ փուլը:
«Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանից հայտնում են, որ արդեն Երևանում են Գրենոբլի Հողի ճարտարապետության ուսումնասիրության կենտրոնի գիտաշխատող, ՅՈՒՆԵՍԿՕ-ի ամբիոնի գիտական համակարգող, հնագետ, ճարտարապետության դոկտոր Դավիդ Գանդղոն և նույն կենտրոնի հետազոտող Մաջիդ Հաջմիրբաբան: «Էրեբունի» ՊՀԱԹ-ի կողմից աշխատանքները համակարգում է փոխտնօրեն Վահե Սարգսյանը:
Հայ և ֆրանսիացի մասնագետների համատեղ աշխատանքի շնորհիվ Կարմիր բլուրում ստեղծվել է հում աղյուսի արտադրամաս: Արդեն իսկ պատրաստվել են ուրարատական աղյուսների չափսերով առաջին օրինակները:
«Եթե դուք հետաքրքրված եք հողի ճարտարապետությամբ, ապա սա լավ առիթ է այցելելու Կարմիր բլուր և անձամբ ներկա գտնվելու այս հետաքրքիր գործընթացին»,- նշում են թանարանից։