Տ. Աբրահամյան. Արցախի իշխանությունը ստիպված է ընտրությունը կատարել անորոշի, վատի ու վատթարագույնի միջև
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը գրում է.
«Արցախցին երկրի ներսում ստեղծված բարդագույն վիճակում` չունենալով Հայաստանի իշխանության գործուն սատարումն ու աջակցությունը, բառիս բուն իմաստով կյանքի կռիվ է տալիս:
Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի և Արցախում տեղակայված ռուսական խաղաղապահ առաքելության առաջարկը հիմք ընդունելով, Արցախի իշխանությունը որոշել է թույլատրել Բերձորի միջանցքով՝ Գորիս-Ստեփանակերտ մայրուղով և Ակնա-Ստեփանակերտ ճանապարհով հումանիտար բեռների համաժամանակյա տեղափոխումը Կարմիր խաչի միջազգային կոմիտեի մեքենաներով (արտասահմանյան ծագում ունեցող ապրանքներ):
Որքան ես եմ տեղյակ, Արցախ են մատակարարվելու հիմնականում ալյուր, որոշ քանակով` նաև հիգենայի պարագաներ և այլն:
Ասել, որ սա Արցախին շնչելու հնարավորություն է տալու` խիստ չափազանցրած կլինեմ, բայց եթե սա բերելու է դեպի Արցախ հումանիտար բեռի կանոնավոր փոխադրումների հնարավորություն, իշխանությունը պետք է խիստ հաշվարկված գործի:
Մեկ անգամ արդեն Ադրբեջանը խախտել է ձեռք բերված պայմանավորվածությունը և չկա որևէ երաշխիք, որ այս դեպքում խնդիրներ չեն առաջանա, սակայն Արցախում հումանիտար իրավիճակն այնպիսի ծանր դրսևորումներ է ստացել, որ մեծ հաշվով իշխանությունը ստիպված է ընտրությունը կատարել անորոշի, վատի ու վատթարագույնի միջև»։
Հարակից հրապարակումներ`
- Սուրենյանց. Արյունաքամ լինող Արցախը չի կարող հակադրվել մի օրակարգի, որի շուրջ առկա է միջազգային կոնսենսուս
- Արցախը համաձայնել է Գորիս-Ստեփանակերտ մայրուղով և Ակնա-Ստեփանակերտ ճանապարհով հումանիտար բեռների համաժամանակյա տեղափոխմանը
- «Թաթոյան» հիմնադրամ. Աղդամի ճանապարհի բացումը գոյաբանական սպառնալիք է Արցախի հայերի համար
- Մեթյու Միլլեր. Լաչինի և Աղդամի երթուղիները պետք է բացվեն անհապաղ և միաժամանակ
- «Մենք կողմնակից ենք մարդասիրական օգնության անարգել մուտքին ինչպես Լաչինի, այնպես էլ Աղդամի երթուղիներով». Զախարովա