Դատախազությունը մեկից ավելի անգամ կամ մեկ այլ անձի փոխարեն քվեարկելու վերաբերյալ ահազանգ է ստացել
Հայաստանի գլխավոր դատախազության աշխատանքային խումբը Երևանի ավագանու ընտրությունների քվեարկության օրը ժամը 14:00-ի դրությամբ ուսումնասիրել է առերևույթ հանցանքի մասին հաղորդում պարունակող 4 դեպք։ ԿԸՀ-ում ասուլիսի ժամանակ ասաց գլխավոր դատախազության հակակոռուպցիոն կոմիտեի մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության վարչության պետ Էդգար Արսենյանը:
«Աշխատանքային խմբի կողմից այսօր ժամը 14:00-ի դրությամբ ուսումնասիրվել է հրապարակում, ահազանգ, առերևույթ հանցանքի մասին հաղորդում պարունակող 4 դեպք, որոնցից 2-ը քրեական վարույթ նախաձեռնելու հարցը լուծելու համար ուղարկվել է նախաքննության մարմին՝ Քննչական կոմիտեի համապատասխան ստորաբաժանում:
Դրանցից մեկը վերաբերել է մեկից ավելի անգամ կամ մեկ այլ անձի փոխարեն քվեարկելուն»,-ասաց նա:
Դատախազության ներկայացուցչի խոսքով, ստացված 4 ահազանգերից, դիմումներից, հաղորդումներից 2-ն ուղարկվել են իրավասու ստորաբաժանումներ՝ դրանցում նշված տեղեկությունների կապակցությամբ ստուգողական գործողություններ կատարելու: Դրանք վերաբերում են հավաքին մասնակցելուն հարկադրելուն։
Էդգար Արսենյանն ամփոփ ներկայացրեց նաև 2023 թվականի օգոստոսի 23-ից մինչև սեպտեմբերի 15-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ գլխավոր դատախազի հրամանով ստեղծված Աշխատանքային խմբի իրականացրած աշխատանքները.
«Նախընտրական քարոզչության ընթացքում, այսինքն՝ 2023 թվականի օգոստոսի 23-ից մինչև սեպտեմբերի 15-ն ընկած ժամանակահատվածում, աշխատանքային խումբը փաստացի ուսումնասիրել է 17 հրապարակում, ահազանգ, առերևույթ հանցանքի մասին հաղորդում՝ 17 դեպքի վերաբերյալ:
1. Ստացված առերևույթ հանցանքի մասին հաղորդումների հիման վրա նախաձեռնվել է 6 քրեական վարույթ, որից`
4-ը՝ նախընտրական քարոզչություն կատարելուն կամ քարոզչություն կատարելուց հրաժարվելուն հարկադրելու կամ նախընտրական քարոզչություն կատարելուն այլ կերպ խոչընդոտելու դեպքերի առթիվ:
1-ը՝ անձի կամ նրա մերձավոր ազգականի կամ մերձավորի նկատմամբ բռնություն գործադրելու, գույքը ոչնչացնելու, վնասելու կամ վերցնելու սպառնալիքով կամ շանտաժի միջոցով, ինչպես նաև հավաքին մասնակցելու կամ հավաքին մասնակցելուց հրաժարվելու նպատակով նյութապես շահագրգռելու եղանակով օրինական կամ անօրինական հավաքին մասնակցելուն հարկադրելու փաստի առթիվ:
1-ը՝ ընտրական իրավունքի իրականացումը, ընտրական հանձնաժողովների աշխատանքներին կամ ընտրությանը մասնակցող անձանց իրավունքների կամ պարտականությունների իրականացումը խոչընդոտելու դեպքի առթիվ:
2. Ստացված առերևույթ հանցանքի մասին հաղորդումներից 1-ը քրեական վարույթ նախաձեռնելու հարցը լուծելու նպատակով ուղարկվել է նախաքննական մարմին` ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչություն:
3. 1 հաղորդում վերաբերել է ընտրական պաստառների տեղադրման ծառայության համար վճարներ ստանալուն, սակայն դրանք չտեղադրելուն:
4. Ստացված առերևույթ հանցանքի մասին ընտրության ժամանակ բարեգործության արգելքը խախտելու վերաբերյալ 1 հաղորդման հիման վրա քրեական վարույթ նախաձեռնելու մասին արձանագրություն չի կազմվել:
5. Ստացված ահազանգերից, դիմումներից, հաղորդումներից 7-ն ուղարկվել են Ոստիկանության համապատասխան տարածքային բաժիններ՝ դրանցում նշված տեղեկությունների կապակցությամբ ստուգողական գործողություններ կատարելու նպատակով:
Վերոնշյալ 7 դեպքերից՝
5 դեպք վերաբերել է անձի կամ նրա մերձավոր ազգականի կամ մերձավորի նկատմամբ բռնություն գործադրելու, գույքը ոչնչացնելու, վնասելու կամ վերցնելու սպառնալիքով կամ շանտաժի միջոցով, ինչպես նաև հավաքին մասնակցելու կամ հավաքին մասնակցելուց հրաժարվելու նպատակով նյութապես շահագրգռելու եղանակով օրինական կամ անօրինական հավաքին մասնակցելուն հարկադրելուն,
1 դեպք վերաբերել է կուսակցության կողմից ընտրության ժամանակ բարեգործության արգելքը խախտելուն,
1 դեպք վերաբերել է ընտրողների ցուցակները կազմելու, դրանք քաղաքացիներին կամ կուսակցություններին տրամադրելու կամ հրապարակելու կարգը խախտելուն:
6. Բացի այդ, 2 հաղորդում, որոնք վերաբերել են ընտրության ժամանակ բարեգործության արգելքը խախտելուն, համապատասխան օպերատիվ-հետախուզական միջոցառումներով ստուգելու նպատակով ուղարկվել է Հակակոռուպցիոն կոմիտե»։
Հարակից հրապարակումներ`
- ՄԻՊ գրասենյակը ժամը 16։00-ի դրությամբ ստացվել է ընտրական գործընթացին վերաբերող 56 հեռախոսազանգ
- Աննա Հակոբյանը գրանցված է մի ընտրատեղամասում, քվեարկել է մեկ այլ ընտրատեղամասո՞ւմ
- Օտարերկրացի ընտրողներն ահազանգել են՝ չեն կարողանում օգտվել հայերենով գրված քվեաթերթիկից
- Քարոզարշավի ընթացքում ոստիկանությունում ստացվել է 26 հաղորդում, այսօր՝ երեք հաղորդում
- Ընտրախախտման դեպքում ինչպես և ում ահազանգի քաղաքացին
- ԿԸՀ-ն արդեն ստացել է երկու դիմում
- Վահագն Հովակիմյանի գնահատմամբ՝ «ընտրությունները եղել են մրցակցային, թափանցիկ»
- ԿԸՀ. Սահմանված կարգով բացվել են բոլոր 475 ընտրական տեղամասերը
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին