Կուտակումները հիմնականում եղել են ՔՊ-ի կողմից․ «Անկախ դիտորդ»
«Անկախ դիտորդ» դիտորդական առաքելության միջանկյալ արդյունքներով՝ Երևանի ավագանու ընտրությունների քվեարկությանն արձանագրվել է 124 ընտրախախտում, որոնցից 22-ը տեղամասում գտնվելու իրավունք չունեցած անձանց լինելն է, 27-ի դեպքում՝ կուտակումը, 13-ի դեպքում՝ ընտրողների ուղղորդումը, որոնցից 5 դեպքերում կրկնվող պարբերաբական բնույթ է կրել։ Լրագրողների հետ զրույցում ասաց «Անկախ դիտորդ» հասարակական դաշինքի ներկայացուցիչ Դանիել Իոաննիսյանը:
Նրա խոսքով՝ կուտակումները հիմնականում եղել են «Քաղաքացիական պայմանագիր», նաև «Ապրելու երկիր», «Լուսավոր Հայաստան», «Հանրապետություն» և «Մայր Հայաստան» քաղաքական ուժերի կողմից։
«6 դեպք է արձանագրվել, որ տեղամասում գտնվեն թեկնածուները, մինչդեռ թեկնածուները տեղամասում մինչև 20:00-ն կարող են լինել միայն ընտրելու նպատակով. 6 դեպք է արձանագրվել 5 քաղաքական ուժի մասով՝ ՔՊ, «Ուժը հայրենյաց», »Միացյալ Հայաստան», »Ապրելու երկիր» և «Հանրային ձայն» քաղաքական ուժերի կողմից:
Քվեարկության գաղտնիության հետ կապված 30 դեպք է արձանագրվել, որոնց զգալի մասը վերաբերում է քվեարկության գաղտնիությունն ապահովող մեխանիզմներին։ Օրինակ՝ քվեախցիկի հետևում պատուհան կա, բայց կան դեպքեր, երբ եղել է բաց քվեարկություն կամ այլ անձ նայել է, թե ինչպես է ընտրողը քվեարկում»,- ասաց Դանիել Իոաննիսյանը։
Նա նաև նշեց, որ 68 խախտում եղել է ընթացակարգային բնույթի։
Դանիել Իոաննիսյանը հայտարարեց, որ «Անկախ դիտորդ»-ը ներկայացրել է հանցագործության մասին 4 հաղորդում։ Դրանցից մեկն, ըստ նրա, վերաբերում է 9/5, 9,6, 9/56, 9/57 տեղամասերում ընտրողներին կազմակերպված տանել-բերելուն: Բացի այդ, հանցագործության մասին հաղորդում են ներկայացրել Արաբկիր համայնքի 4/40 տեղամասում դիտորդի գործունեությանը խոչընդոտելու փաստով։
«Իսկ 5/1 տեղամասում եղել է հանցափորձ, այսինքն՝ անավարտ հանցագործություն, որը կրկին վերաբերում է դիտորդի գործունեությունը խոչընդոտելու փորձին»,- ասաց նա։
«Անկախ դիտորդ»-ի ներկայացուցիչն անդրադարձավ նաև «Հայաքվե» դիտորդական առաքելությանը՝ նշելով, որ իրենց դիտորդներից ունեն ահազանգեր, որ, օրինակ, Դավթաշեն վարչական շրջանում «Հայաքվե»-ի ներկայացուցիչները ակտիվ համագործակցում են ընտրական հանձնաժողովների ԱԺ «Հայաստան» խմբակցությունից նշանակված անդամների հետ։ «Բացի այդ, «Հայաքվե»-ում նկատել ենք մի շարք անձանց, որոնք կուսակցական են։ Առհասարակ իրենց գործունեության որոշ դրսևորումներ հիմք են տալիս պնդելու, որ իրենց առաքելությունը քաղաքականացված է»,- ասաց Դանիել Իոաննիսյանը։