Օտարերկրացի ընտրողներն ահազանգել են՝ չեն կարողանում օգտվել հայերենով գրված քվեաթերթիկից
Քաղաքացիների դժգոհությունների մեծ մասը կապված է ընտրողների՝ ծանուցում չստանալու հանգամանքով: ԿԸՀ-ում կայացած ասուլիսում ասաց Կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամ Ժիրայր Կարապետյանը՝ ներկայացնելով մինչև ժամը 14:00-ն ԿԸՀ իրավիճակային վերլուծության կենտրոնի ստացած ահազանգերի վերաբերյալ տեղեկատվությունը։
«Բացը լրացվում է ԿԸՀ աշխատակիցների կողմից ընտրողներին տրամադրված տեղեկատվությամբ իրենց տեղամասերի համարների և գտնվելու վայրերի վերաբերյալ: Հարցը փորձում ենք կարգավորել նաև այլ տեղեկատվական եղանակով՝ ԿԸՀ կայքի միջոցով քաղաքացիները հնարավորություն ունեն գտնել իրենց տեղամասերը: Կայքը մշտապես գործում է»,- նշեց նա:
Ստացվել է տեղեկատվություն տեղամասում գտնվելու իրավունք չունեցող անձանց կողմից տեղամասում գտնվելու վերաբերյալ:
«Տեղեկատվությունն ուսումնասիրվել է, որի արդյունքում պարզվել է, որ միջազգային գործընկերները՝ այցելուները կամ միջազգային դիտորդները, տեղամասային կենտրոն են ներկայացել Ընտրական օրենսգրքով սահմանված թարգմանչի ուղեկցությամբ, և որևէ խնդիր այդ առումով չի եղել, սակայն, հաշվի առնելով տեղական դիտորդների արձագանքը և փաստը որպես իրավախախտում կամ խախտում ներկայացնելը, ԿԸՀ-ն հանդես է եկել հայտարարությամբ և պարզաբանել է, որ ԿԸՀ-ն թարգմանչի վկայականի ձև չի սահմանել և թարգմանիչներին վկայականներ չի տրամադրել: Վերջիններս հանձնաժողովի նիստերին, ինչպես նաև քվեարկության ընթացքում քվեարկության սենյակում ներկա գտնվելու համար վկայական կրելու պարտականություն չունեն։ Դրանով խնդիրը լուծվել է»,- մանրամասնեց նա:
Ստացվել է ահազանգ այն մասին, որ ընտրողներից պահանջում են հրապարակել, թե ում օգտին են իրենք քվեարկել:
«Չի թույլատրվում ընտրողին պարտադրել որևէ եղանակով հրապարակել իր քվեարկությունը, ավելին՝ քվեարկության արդյունքը հայտնելուն հարկադրելը կարող է առաջացնել քրեական պատասխանատվություն: Պետք է զերծ մնալ նման վարքագիծ դրսևորելուց: Էական չէ, թե ԶԼՄ-ների կամ հարցում իրականացնող կազմակերպությունների կողմից է դա արվում:
Արձանագրել ենք ևս մեկ խնդիր: Ընտրողը ներկայացել է նոր ստացած անձնագրով: Քանի որ ցուցակները ԿԸՀ-ում երկու տարբերակի են բաժանվում՝ էլեկտրոնային և թղթային, էլեկտրոնային ցուցակները ներբեռնված են անձը հաստատող այն փաստաթղթով, որը գոյություն է ունեցել ներբեռնման պահին, ապա ավելի ուշ տրամադրված փաստաթուղթը, բնականաբար, սարքում չի կարող լինել, սարքը չի կարող ճանաչել նոր փաստաթուղթը: Բայց դա չի նշանակում, որ ընտրողը պետք է զրկվի իր իրավունքից: Խնդիրը կարգավորվել է, քանի որ կրել է տեխնիկական բնույթ»,- ասաց նա։
Եվս մեկ ահազանգ է հնչել հայերենին չտիրապետող օտարերկրացիներից:
«Պատճառաբանությունն այն է, որ քվեաթերթիկը տպագրված է հայերեն, իսկ իրենք հայերեն լեզվին չեն տիրապետում, թեև ընտրելու իրավունք ունեն։ Հանձնաժողովներին հրահանգվել է հայերենին չտիրապետող ընտրողների համար հերթականությամբ ընթերցել բոլոր կուսակցությունների և մեկ դաշինքի անվանումները ու նաև քվեաթերթիկներում առաջին երեք համարների թեկնածուների անունները: Օտարերկրյա քաղաքացիներին առաջարկվել է հիշել համարը և, քվեաթերթիկն ընտրելիս, առաջնորդվել համարով և համապատասխան համարի քվեաթերթիկը դնել ծրարի մեջ»,- ասաց Ժիրայր Կարապետյանը։
Հիշեցնենք՝ ՀՀ ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետ Արմեն Ղազարյանը հայտնել էր, որ Երևան համայնքի 824 հազար 250 ընտրողից 14 հազար 653-ը ոչ ՀՀ քաղաքացիներ են։ Երևանի ավագանու այս ընտրություններին ընտրական իրավունք ունի Հնդկաստանի 89 քաղաքացի, 11 հազար 890 ՌԴ քաղաքացի։ Կան նաև այլ երկրների քաղաքացիներ։
Հարակից հրապարակումներ`
- Ժամը 14։00-ի դրությամբ Երևանի ավագանու ընտրություններին մասնակցել է ընտրողների 13,92 տոկոսը
- Քարոզարշավի ընթացքում ոստիկանությունում ստացվել է 26 հաղորդում, այսօր՝ երեք հաղորդում
- 4/13 ընտրատեղամասում չհրկիզվող պահարանը բերում են քվեարկության մեկնարկից ժամեր անց
- Ահազանգ. 5/15 և 5/16 ընտրատեղամասերում խայտառակ վիճակ է
- Ընտրախախտման դեպքում ինչպես և ում ահազանգի քաղաքացին
- ԿԸՀ-ն արդեն ստացել է երկու դիմում
- Հնդիկներն՝ Ավինյանի երթի մասնակից
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին