Բացի ՔՊ-ից, բոլոր առողջ ուժերի հետ կհամագործակցենք․ Վիկտոր Մնացականյան
Երևանի Ալեքսանդր Պուշկինի անվան թիվ 8 հիմնական դպրոցում տեղակայված թիվ 09/48 տեղամասում քվեարկության եկավ «Հաղթանակ» կուսակցության ղեկավար, քաղաքապետի թեկնածու Վիկտոր Մնացականյանը ընտանիքի հետ։
«Ես եկել եմ մեծ ընտանիքիս հետ՝ կինս, դուստրերս, տղաս, մայրս, հայրս, քույրս, քրոջս աղջիկները: Մենք եկել ենք քվեարկենք, որ Երևանը դառնա մարդամոտ քաղաք և ամենակարևորը՝ համաչափ զարգացած։ Ոչ միայն Կենտրոն համայնքն իր պուրակներով, այգիներով, հասարակական տարածքներով, մշակութային օջախներով, ժամանցի վայրերով, այլ ամբողջ Երևանը լինի համաչափ զարգացած: Տրանսպորտային ռեֆորմը միայն ավտոբուս բերել չի, դա աշխատանքի իմիտացիա չէ: Տրանսպորտային ռեֆորմ անելու համար պետք է հասկանանք խորքային խնդիրները»,- ասաց Վիկտոր Մնացականյանը։
Նրա խոսքով, այսօրվա քաղաքային իշխանությունները չեն պատկերացնում՝ համաչափ զարգացում ասելով պետք է հասկանալ այն, որ այլ վարչական շրջանի բնակիչները ևս պետք է կարողանան լիարժեքորեն օգտվել Երևանի բոլոր բարիքներից։
Հարցին՝ եթե նրան չհաջողվի քաղաքապետ ընտրվել, արդյոք իրեն տեսնում է Երևանի ավագանու աշխատանքներում, Վիկտոր Մնացականյանը դրական պատասխան տվեց.
«Իհարկե, ես եղել եմ ավագանու անդամ, ապա նշանակվել եմ Կենտրոն վարչական շրջանի ղեկավար: Տարիներով սրտացավ եմ Երևանի բոլոր խնդիրներին, խորքային ուսումնասիրել եմ քաղաքային պլանավորումը, ուրբանիստիկան, որպեսզի գա այս օրը և ես իմ ընկերներով, «Հաղթանակ» կուսակցության ավագանու անդամի մյուս թեկնածուների հետ վերածնենք Երևանը, բերենք էմոցիոնալ համերաշխությունը քաղաքին: Երևանը երջանիկ քաղաք էր, ուրախ քաղաք էր, ինչը հիմա, ցավոք, չի նկատվում»:
Լրագրողները նաև հետաքրքրվեցին՝ եթե «Հաղթանակ» կուսակցությունը 50%-ից ավելի ձայն չհավաքի, ապա ում հետ կհամագործակցի, Վիկտոր Մնացականյանը նշեց, որ բացի ՔՊ-ից, բոլոր առողջ ուժերի հետ կհամագործակցեն։
«Ես երևանցիներին հավաստիացնում եմ՝ ինչպես ՔՊ-ն պարտվեց Կապանում, Գորիսում, Մեղրիում, Ալավերդիում, Գյումրիում և Վանաձորում, նույն ձև երևանցին այսօր կասի իր վերջանական խոսքը»,- ասաց նա։
Հարակից հրապարակումներ`
- 9/47. 1923 ընտրողից ավելի քան 100-ն են քվեարկել
- Քվեարկել եմ, որ երևանցին հնարավորություն ունենա աշխատել խաղաղ ու անվտանգ քաղաքում․ Նելլի Հարությունյան
- Ոչ ՀՀ քաղաքացիներն ևս իրավունք ունեն մասնակցել ՏԻՄ ընտրությանը, եթե նրանք վերջին 1 տարին հաշվառված են տվյալ համայնքում
- Անպայման մասնակցեք ընտրություններին, Ձեր ձայնով է որոշվելու՝ ով է լինելու Երևանում իշխանություն․ Չալաբյան
- Երևանում մեկնարկում է ավագանու ընտրությունների քվեարկությունը
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին