Արարատ Միրզոյանը Ֆինլանդիայի ԱԳ նախարարի հետ քննարկել է տարածաշրջանային անվտանգության և կայունության հարցերը
Սեպտեմբերի 18-ին ՄԱԿ Գլխավոր Ասամբլեայի 78-րդ նստաշրջանի շրջանակներում Արարատ Միրզոյանը Նյու Յորքում հանդիպում է ունեցել Ֆինլանդիայի արտաքին գործերի նախարար Էլինա Վալտոնենի հետ: Այս մասին հայտնում են ԱԳՆ-ից։
«Ի շարունակություն երկու նախարարների՝ օգոստոսի վերջին կայացած հեռախոսազանգի՝ Արարատ Միրզոյանը և Էլինա Վալտոնեն առավել մանրամասն քննարկել են երկկողմ օրակարգի ընդլայնման հարցեր՝ հիմնված ժողովրդավարական արժեքների, օրենքի գերակայության ամրապնդմանն ուղղված առաջնահերթությունների վրա: Այս համատեքստում ընդգծվել է առավել հավակնոտ քաղաքական օրակարգի ձևավորման հարցում երկուստեք առկա պատրաստակամությունը:
Անդրադարձ է կատարվել տարածաշրջանային անվտանգության և կայունության հարցերի: Արարատ Միրզոյանը շեշտել է Ադրբեջանի կողմից 9 ամսից ավել Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղի ստեղծված հումանիտար ճգնաժամը,120 հազար բնակչության բոլոր հիմնարար իրավունքների խախտումները: Ընդգծվել է Արդարադատության միջազգային դատարանի փետրվարի 22-ի և հուլիսի 6-ի իրավաբանական պարտադիր ուժ ունեցող որոշումներին համապատասխան Լաչինի միջանցքով երկու ուղղություններով անխոչընդոտ տեղաշարժի վերականգնման հրատապությունըը:
Կարևորելով մինչ օրս ԵՄ և իր անդամ պետությունների կողմից հնչած հասցեական ուղերձները՝ ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարն ընդգծել է Ադրբեջանի ապակառուցողական գործելաոճի դադարեցմանն ուղղված հստակ քայլերի անհրաժեշտությունը»,- ասվում է հաղորդագրությունում:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան