Կրեմլը Կադիրովի առողջական վիճակի մասին տեղեկանքներ չի տալիս․ Պեսկով
Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովի առողջական վիճակը ՌԴ նախագահի վարչակազմի հարց չէ։ ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, լրագրողներին հայտնել է պետության ղեկավարի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ պատասխանելով սոցցանցերում Կադիրովի հոսպիտալացման մասին տեղեկությունը մեկնաբանելու խնդրանքին:
«Մենք այդ մասին որևէ տեղեկություն չունենք։ Ամեն դեպքում, նախագահի աշխատակազմը դժվար թե կարողանա առողջական վիճակի մասին տեղեկանքներ տալ։ Ուստի այստեղ մենք ասելիք չունենք», - պարզաբանել է Կրեմլի ներկայացուցիչը։
Ճշտող հարցին, թե արդյոք Կադիրովն անցած կիրակի եղել է Մոսկվայում և հանդիպել է Վլադիմիր Պուտինի հետ, Պեսկովը պատասխանել է. «Ես նաև ոչինչ չունեմ ասելու։ Պուտինի հետ ոչ մի հանդիպում չի եղել»։
Ավելի վաղ ԶԼՄ-ներում տեղեկություններ էին հայտնվել Ռամզան Կադիրովի առողջական վիճակի վատթարացման և Մոսկվայի հիվանդանոցներից մեկում նրա հոսպիտալացման մասին: Ընդ որում, Չեչնիայի ղեկավարը նման լուրերի հայտնվելուց հետո զբոսանքից տեսանյութ է հրապարակել և խորհուրդ տվել «բոլոր նրանց, ովքեր համացանցում չեն կարողանում տարբերել ճշմարտությունը ստից, զբոսնել մաքուր օդում, կարգի բերել մտքերը»: