Լրագրողի անխոչընդոտ մասնագիտական աշխատանքը պետք է երաշխավորված լինի․ ՄԻՊ
Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն այսօր ընդունել է «NewDay.am» լրատվական կայքի լրագրող-խմբագիր Անի Գևորգյանին։ Այս մասին հայտնում են ՄԻՊ-ից։
«Հանդիպումը տեղի է ունեցել Անահիտ Մանասյանի նախաձեռնությամբ: Լրագրողը Պաշտպանին է ներկայացրել իր մասնագիտական գործունեությանը խոչընդոտելու դեպքերը, հայտնել, որ դրանք դրսևորվում են բռնության կիրառմամբ, բռնության կոչերի և ատելության խոսքի գործադրմամբ։
Անահիտ Մանասյանը վստահեցրել է, որ նշված բոլոր դեպքերն աշխատակազմում մանրամասն ուսումնասիրվում են, գտնվում են իր անմիջական ուշադրության ներքո: Յուրաքանչյուր դեպքով Պաշտպանը դիմել է իրավասու մարմիններին՝ անհրաժեշտ գործողություններ ձեռնարկելու պահանջով։
Հանդիպման ժամանակ Անահիտ Մանասյանը ևս մեկ անգամ ընդգծել է, որ կարևորում է պետության կողմից բնականոն և անխոչընդոտ լրատվական գործունեության ապահովումը: Իրենց մասնագիտական գործունեությունն իրականացնելիս կամ դրանով պայմանավորված՝ լրագրողների թիրախավորման դեպքերն անթույլատրելի են, իսկ իրավասու մարմինները պետք է պատշաճ քննարկման առարկա դարձնեն ցանկացած դեպք, որը կարող է վկայել լրագրողի մասնագիտական գործունեությանը խոչընդոտելու մասին:
Պաշտպանը կարևորում է մամուլի ազատության երաշխավորման ուղղությամբ այնպիսի քայլերի ձեռնարկումը, որոնք կապահովեն լրագրողների անվտանգությունն ու բնականոն լրատվական գործունեության համար բարենպաստ միջավայրի ձևավորումն ու պահպանումը»,- ասվում է հաղորդագրությունում։
Հարակից հրապարակումներ`
- Ավինյանը՝ լրագրողին. Ինձ թվում է, Դուք նախորդ դարում եք մնացել
- ՀԺՄ-ն ահազանգում է. վտանգված է լրագրողի կյանքը
- Խստորեն դատապարտում ենք լրագրող Անի Գևորգյանի դեմ հարձակումներն ու հետապնդումները․ ՀԺՄ
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա