ՀՀ տնային տնտեսությունների 69%-ը հայտնում է բարձր գնաճի մասին, իսկ պետությունը՝ գնանկման
ՀՀ վիճակագրական կոմիտեի և ԿԲ-ի հրապարակած վերջին տվյալներով 2023թ. օգոստոսին 12-ամսյա գնաճը Հայաստանում շարունակել է նվազել և ամսվա վերջին կազմել է -0 2%: 12-ամսյա բնականոն գնաճը ևս նվազել է՝ կազմելով 0,4%:
Սակայն Հայաստանի տնային տնտեսությունների շրջանում ԿԲ-ի անցկացրած և սեպտեմբերի 18-ին հարպարակած հետազոտության արդյունքները տրամագծորեն հակառակի մասին են փաստում: Անցկացված հարցման հիմնական նպատակն է եղել գնահատել ՀՀ տնային տնտեսությունների գնաճի երրորդ եռամսյակի ընթացիկ մակարդակի ընկալումները նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ:
Հարցման արդյունքներից պարզվում է, որ տնային տնտեսությունների միայն 16,4%-ն է զգացել, որ գները նվազել են, դրա փոխարեն 30,2%-ը համարում է, որ գներն աճել են շատ բարձր տեմպերով,16,7%-ը հայտնել է բարձր տեմպերով աճի մասին, իսկ 22,4%-ը կարծում է, որ ցածր տեմպերով է աճել և միայն12,8 %-ը գների մեջ փոփոխություն չի տեսել:
Ստացվում է, որ ՀՀ տնային տնտեսությունների 69%-ը հիմնականում արձանագրել է գների բարձր աճ, ինչը նշանակում է, որ ընտանիքները ոչ միայն գնանկում չեն զգացել, այլ արձանագրել են բարձր գնաճ: Հատկանշական է, որ առաջին և երկրորդ եռամսյակների հարցումների տվյալներով ՀՀ տնային տնտեսությունների համապատասխանաբար 90% և 74% է արձանագրել գների՝ հիմնականում բարձր աճ:
Հետազոտությունն իրականացվել է եռամսյակային պարբերականությամբ հեռախոսային հարցազրույցների միջոցով: Ընտրանքը ձևավորվել է ըստ քվոտաների` յուրաքանչյուր մարզի քաղաքային բնակչության թվաքանակին և սեռատարիքային կառուցվածքին համապատասխան` հիմնականում որակական բնույթի հարցերից կազմված հարցաթերթով: Ընտրանքային հետազոտությունն իրականացվում են յուրաքանչյուր եռամսյակի երկրորդ ամսվա ընթացքում:
Հետազոտությունն իրականացվել է 1200 տնային տնտեսության շրջանում. Երևան քաղաքի բոլոր վարչական շրջաններից և Հայաստանի բոլոր մարզերի քաղաքներից պատահականության սկզբունքով ընտրված տնային տնտեսությունների շրջանում:
Հարակից հրապարակումներ`
- 2023 թ. օգոստոսին 12-ամսյա գնաճը մնացել է գրեթե անփոփոխ՝ ամսվա վերջին կազմելով -0.2%. Մարտին Գալստյան
- Oգոստոսին գրանցվել է բենզինի 8.5% և դիզելային վառելիքի՝ 8.2% գնաճ
- Հուլիսին հունիսի համեմատ հանրապետությունում գրանցվել է բենզինի 11.1% գնաճ
- ԿԲ. 12-ամսյա գնաճը շարունակել է արագորեն նվազել
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան