Արմեն Բադալյան. «Հանրապետություն» կուսակցությանն օգնեց ոչ միայն ՔՊ-ն, այլև որոշ ընդդիմադիրներ
Երևանի ավագանու ընտրությունների քվեարկության արդյունքները Panorama.am-ը վերլուծել է քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանի հետ։
Panorama.am-Պարոն Բադալյան, ԿԸՀ-ն հրապարակել է Երևանի ավագանու ընտրությունների նախնական արդյունքները։ Ի՞նչ ասաց ընտրողը։
Արմեն Բադալյան-Ընտրողն ասաց, որ ուժերի կողմից ներկայացված քաղաքական բովանդակությունը, ասելիքն ու խոսքն իրեն այդքան էլ չի հետաքրքրում։ Ինչի հետևանքով մասնակցությունը ցածր էր։
Panorama.am-Ինչպե՞ս կբացատրեք նման ցածր՝ 28.44 տոկոս մասնակցությունը։
Արմեն Բադալյան- Եթե դիտարկենք ընտրությունները քաղաքագիտական տրամաբանությամբ, ապա մասնակցության ցուցանիշը շատերը համեմատում են 2017, 2018 թվականներին տեղի ունեցած ընտրությունների մասնակցության հետ։ Բայց նման համեմատությունը տեղին չէ, քանի որ 2018-ին կար հեղափոխական էյֆորիա, որը լրացուցիչ շատ հզոր խթան էր, որպեսզի մեծ թվով մարդիկ գնան ընտրության, այսօր այդ էյֆորիան չկա։ Իսկ 2017-ի Երևանի ավագանու ընտրություններում, ըստ այդ ժամանակ տարածված լուրերի, ահռելի քանակությամբ գումար էր բաժանվել, դա էլ ֆինանսական խթան էր հանդիսացել, որ մեծ թվով ընտրողներ գնան ընտրությունների։ Այսօր փողի բաժանում չկա, հեղափոխական էյֆորիա չկա։ Իհարկե, նրանք, ովքեր փողով են քվեարկել, նրանց մի մասին բերել են տեղամաս հեղինակությունների միջոցով, այլ մեթոդներով՝ ՔՊ-ի օգտին քվեարկելու համար։
Ցածր մասնակցության երկրորդ պատճառը մասնակից ուժերի կողմից ներկայացված ծրագրերը չդարձան բավարար խթան, համապատասխան գրավչություն չունեին, որպեսզի մարդիկ գնային ընտրությունների։
Մյուս պատճառն ընտրական գործընթացի նկատմամբ մարդկանց անվստահությունն էր, քանի որ երբեք իշխանությունն ընտրություններում չի պարտվել։ Այսօր պարտվեց։
Panorama.am-Ստացած քվեների առումով անակնկալներ եղա՞ն։
Արմեն Բադալյան-ՔՊ-ն ստացավ ավելի քիչ ձայն, քան 2021 թ ԱԺ ընտրությունների ժամանակ Երևանում ստացել էր։ Եթե չլիներ թաղային հեղինակությունների ակտիվ աշխատանքը, շատ ավելի քիչ կլիներ։ Որոշ տեղամասերում՝ օրինակ էրեբունիում, ՔՊ-ն 60-70 տոկոս ձայն էր հավաքում, թաղային հեղինակություններն այստեղ ակտիվ են աշխատել։
Այսինքն ՔՊ-ի առաջարկը, մեզ ձայն տվեք, որ մենք բակերն ու ավտոտնակները վերանորոգենք, այդքան էլ գրավիչ չէր։
«Մայր Հայաստան»-ի ստացած ձայները եթե համեմատաենք ԱԺ ընտրությունների ժամանակ երկրորդ նախագահի ուժի ստացած ձայների հետ, կարող ենք ասել, որ ձայները կիսով չափ նվազել են, սա ցույց է տալիս, որ դաշինքը չկարողացավ ասելիքը տեղ հասցնել կամ մատչելի դարձնել։ «Արցախը փրկվում է Երևանի ավագանու ընտրություններով», այդքան էլ չընկալվեց երևանցիների կողմից, մյուս կողմից էլ կոմունիկացիան պակասեց։
«Ապրելու երկիր»-ի չանցնելը ես կանախատեսել էի, պատճառը թեկնածուի նկատմամբ ունեցած մերժումն էր, չեմ ուզում ասել հակակրանք բառը, բայց կոնկրետ թեկնածուի նկատմամբ նման վերաբերմունք կար։
Շատ հետաքրքիր է ու դեռ անբացատրելի, որը պետք է ուսումնասիրվի, Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանի անձն է։ Նա չուներ ոչ մի ռեսուրս, անգամ կուսակցություն, բայց երևանցիների մոտ հեղինակություն ունի, նա համարյա քարոզարշավ չէր արել։ Պատճառը պետք է ուսումնասիրվի, ի՞նչն է երևանցիներին ստիպում նրան ձայն տալ։
Ես ասել էի, որ Դոգի կուսակցությունը կանցնի, քանի որ մեծ լսարան ունի, բայց հետաքրքիր էր, թե ինչ տոկոսով է անցնելու։ Այս առումով վերահաշվարկի կարիք կա, այս կուսակցությունը սկզբում գնում էր չորրորդ տեղ, հետո սահուն կերպով մղվեց հինգերերոդ տեղ՝ «Հանրապետություն» կուսակցությունից հետո։
«Հանրապետություն» կուսակցության դեպքում նման քանակի ձայներ հավաքելու հարցում երկու գործոն էին կարևոր։ Այն հակառուսական գիծ էր տանում, իսկ երևանցիների մոտ հակառուսականությունը սկսում է գերիշխող դառնալ, երկրորդ՝ հակառուսական զանգվածը դիտարկեց այս կուսակցությունը որպես անցողիկ շեմը հաղթահարող։ Այս ուժի համար աշխատում էին նաև ՔՊ-ի կողմնակիցները, որպեսզի ՔՊ-ի հետ կոալիցիա ձևավորեին։ Բայց այս ծրագիրը չաշխատեց, ինչքան էլ փորձեցին։ «Հանրապետության» համար, ըստ օդում կախված լուրերեի, նաև որոշ ընդդիմադիրներ են աշխատել։
Panorama.am-Հետագա ի՞նչ զարգացումների կարող ենք ականատես լինել։ Հնարավո՞ր համարում եք «Ազգային առաջընթաց» կուսակցության և «Մայր Հայաստան» դաշինքի համագործակցություն, քանի որ քարոզարշավի ընթացքում «Մայր Հայաստան»-ի ներկայացուցիչները հաճախ էին քննադատում Մարությանին, նրան որակում արևմուտքի կողմից բերված։
Արմեն Բադալյան-Մինչև վերահաշավարկ չլինի, այս հարցերին պատասխանել չեմ կարող։ Քանի որ վերահաշվարկը կարող է թվեր փոխել։ Եթե թվեր չփոխվեն, ապա նախընտրական քարոզարշավի ժամանակ ասածն ու հետընտրական պրոցեսում անելիքը լրիվ տարբեր բաներ են։ Տեսականորեն հնարավոր է «Մայր Հայաստան», «Ազգային առաջընթաց», «Հանրային ձայն» կուսակցությունների համագործակցությունը։ Շատ կարևոր է, որ այս ուժերի ներկայացուցիչներից ավագանու մանդատ ստացածներից որևէ մեկն իրեն չհայտարարի անկախ, քանի որ ընդամենը մեկ մանդատի հարց է։
Մանրամասները՝ ձայնագրությունում։
Հարցազրույցը՝ Լալա Տեր-Ղազարյանի
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին