Կարեն Վրթանեսյան. Հիմա Ադրբեջանը փորձում է իր հանցագործությունները կոծկել՝ դրանցում մեղադրելով հայկական կողմին
«Քանի որ Ադրբեջանի վերաբերմունքը հայ գերիների հանդեպ (սպանություններ, գնդակահարություններ) արդեն հայտնի է և տեսագրություններով վավերացված, մյուս կողմից էլ Ադրբեջանը շարունակում է պահել հայ գերիներին՝ խախտելով 2020 նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը, ապա հիմա Ադրբեջանը փորձում է իր հանցագործությունները կոծկել՝ իր իսկ հանցագործություններում մեղադրելով հայկական կողմին»,-Panorama.am-ի հետ զրույցում ասաց տեղեկատվական անվտանգության փորձագետ Կարեն Վրթանեսյանը՝ արձագանքելով Ադրբեջանի պետական անվտանգության պետի հայտարարություններին։
Ադրբեջանական ԶԼՄ-ների փոխանցմամբ, Ադրբեջանի պետական անվտանգության ծառայության պետ, ԱՀ ռազմագերիների, պատանդների և անհայտ կորած քաղաքացիների հարցերով պետական հանձնաժողովի նախագահ Ալի Նագիևը, ելույթ ունենալով «Անհայտ կորածների ճակատագրի պարզաբանմանն ուղղված ազգային և միջազգային ջանքերի ավելացում» թեմայով միջազգային համաժողովում, ասել է.
«Ապացուցված է, որ անհայտ կորած ադրբեջանցի զինվորականների մեծ մասը չի զոհվել մարտի դաշտում, այլ դաժանությամբ սպանվել է ռազմագերիների ճամբարներում»։
Ադրբեջանցի պաշտոնյան նշել է, որ Ղարաբաղյան առաջին պատերազմի ընթացքում Ադրբեջանն ունեցել է 3 890 անհետ կորած, որից 3171-ը զինծառայող։ Նագիևի խոսքով, ևս վեց անհետ կորած Ադրբեջանն ունեցել է 44 օրյա պատերազմի ժամանակ։
Կարեն Վրթանեսյանն ընդգծում է, որ առաջին պատերազմի թեմաներով գործեր են կարում Հայաստանում (ներառյալ Արցախում) ազգային ուժերի ներկայացուցիչների դեմ, այն հույսով, որ կկարողանան ինչ-որ պահի դրանք օգտագործել Արցախում մարդկանց ձերբակալելու համար կամ երրորդ երկրներին այս կամ այն անձին արտահանձնելու պահանջներ ներկայացնելու համար։
«Եթե Հայաստանում ունենայինք հայկական իշխանություն, այլ ոչ թե Բաքվի և Անկարայի շահերը սպասարկող խմբակ (իր էությամբ՝ օկուպացիոն վարչակարգ), ապա Ադրբեջանի այս գործողությունները կլինեին զուտ թոզ փչոցի ներքին լսարանի համար։ Հաշվի առնելով, որ Նիկոլ Փաշինյանն ակտիվ սպասարկում է Ադրբեջանի շահերը, չենք կարող բացառել, որ Ադրբեջանի այս գործողությունները սպառնալիք են հայերի համար»,-ասաց փորձագետը։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան