Չենք լռելու, ուսուցիչները ոգևորված են, կրակը վառված է. Շողեր Բաբայան
Երևանի, մարզերի տարբեր դպրոցներում աշխատող ուսուցիչներ սեպտեմբերի 14-ի հավաքվել էին կառավարության դիմաց։ Նրանց համբերության բաժակը լցվել է կրթության ոլորտում անընդհատ տեղի ունեցող «բարեփոխումներից» և հանդիպում էին պահանջում Նիկոլ Փաշինյանի հետ, քանի որ մյուս պատասխանատու օղակներում արդեն եղել էին և անարդյունք։ Այդ օրը կառավարությունից խոստացել էին՝ սեպտեմբերի 18-ին նրանց կպատասխանեն Փաշինյանի հետ հնարավոր հանդիպման մասին։
Panorama.am-ը զրուցել է ակցիայի մասնակիցներից ուսուցչուհի Շողեր Բաբայանի հետ։
Panorama.am-Այսօր կառավարությունից ձեզ ասելու էին՝ Փաշինյանի հետ հանդիպում կլինի՞, թե՞ ոչ։ Արդեն ունե՞ք պատասխան կառավարությունից։
Շողեր Բաբայան-Զանգել եմ կառավարություն, սպասում եմ պատասխանի։ Խոստացել են մինչև ժամը 18։00-ն այդ հարցը փորձեն կարգավորել։ Մենք հետևողական գնալու ենք։ Արդեն՝ կամ այս կողմ, կամ այն կողմ տարբերակն է։ Տարբերակ չեն թողել։ Կանեն՝ կմնանք, չեն անի՝ չենք մնա, այնքան գործ կա դրսում, մարդիկ կարող են հանգիստ գնալ ու զբաղվել։ Թող փակեն դպրոցները։ Հասարակությունն էլ պետք է դրա մասին մտածի։ Մենակ ուսուցիչների մտածելով չէ։ Դա հասարակության խնդիրն էլ է։ Եթե ուսուցիչները չեն ուզում մնալ դպրոցում, իրենց երեխաները չեն ուզում մանկավարժ դառնալ, լավ, բա ո՞վ է կրթելու այդ հասարակությանը, ինչքան կարելի է մտածել՝ կլինեն անձնազոհ մարդիկ, ովքեր առանց գումարի կզբաղվեն այդ գործով։ Ինչքան կարելի է այդպես մտածել։ Չի կարելի։ Հասարակությունն ինքը պետք է ուսուցիչներին հարգելու, մեծարելու ու վարձատրելու պահանջ դնի։
Այդ օրը կառավարության մոտ 500 ուսուցիչ կար ու ավելին կարող էր լինել։ Եղել են տնօրեններ, ովքեր նույնիսկ դռները կողպել են, չեն թողել դպրոցից դուրս գան։ Կային ուսուցիչներ, ովքեր վիճել էին, պահանջել բացել դռները ու դուրս եկել դպրոցից։
Panorama.am-Դուք սպասում եք կառավարության պատասխանին։ Բացասական լինելու դեպքում հաջորդ քայլը ո՞րն է լինելու, արդեն պլանավորե՞լ եք։
Շողեր Բաբայան-Ես չեմ կարծում, որ իրենք այս լարված պահին մեզ բացասական պատասխան տան, մաքսիմում փորձեն ձգել-ձգել, մեր համբերության լարերի վրա աշխատել, բայց մենք շատ համբերատար ենք։ Հետևողական ենք։ Մեկ տարի շարունակ անընդհատ փորձեցին-փորձեցին, բայց չստացվեց։
Չենք լռելու, ուսուցիչները ոգևորված են, ալիքը կա, կրակը վառված է։
Շատ ծիծաղելի է չաշխատող, պարապ ֆռֆռցող հաստիքներն ավելի շատ են վճարվում, քան ուսուցիչը, ով իր ողջ օրը՝ տունը, հանգիստը, ամեն ինչը տրամադրում է աշխատանքին, որպեսզի հաջորդ օրվա իր ամեն դասը կայանա և ուսուցչին բոլորից ցածր հաստիք սահմանե՞ն։ Սեպտեմբերին բոլորի հաստիքները բարձրանում է, բացի ուսուցչի։ Ուսուցչի հաստիքը, հակառակը, իջնում է։
Panorama.am-Ձեր ակցիայից հետո ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը գրառում էր արել՝ խնդրելով հնարավորինս կոնկրետ ներկայացնել առաջարկներ, որպեսզի կարողանան քննարկել և ընթացք տալ։
Շողեր Բաբայան-Եթե դրա նախորդ օրն ասում է՝ տարբերակ չունեն, պետք է լրացնեն, ակցիայից հետո ասում է՝ ո՞րն է ձեր ծանրաբեռնվածությունը, մեզ ասեք, մի տեսակ չի համընկնում լուրջ չէ, կոնկրետ ինձ համար լուրջ չէր այդ գրառումը։
Panorama.am-Ինչո՞ւ են այդպես անում՝ չե՞ն հասկանում գործից, թե՞ հատուկ ուզում են իջեցնել ուսուցչի դերը հասարակությանը մեջ։
Շողեր Բաբայան-Հենց դա է։ Ես այդպես եմ ընկալում, որ ուսուցիչները դուրս գան, իրենք մենթորներ ունեն, որոնք մի անգամ մեկ ժամով միանում են, 5-6 դպրոցի հետ դաս են անում, անորակ։ Եթե ծնողներն ու հանրությունը դրան են համաձայն, ի՞նչ ասենք, թող գնան, դա ստանան։ Ինչ էլ անի ուսուցիչը... Եթե դասարանում է ուսուցիչը, արդեն ավելին է անում, քան հեռավար դասերի ժամանակ։
Մենք հանրությանը ներկայացրել ենք այն վտանգները, որոնք պետք է դրանից բխեն։ Հանրությունը ինքը պետք է որոշի, իրեն ինչ է պետք։
Panorama.am-Ձեր հիմնական դժգոհությունները կթվարկե՞ք։
Շողեր Բաբայան-Էլեկտրոնային շտեմարանները վերջին կաթիլն էին։ Դրանից առաջ անընդհատ ավելացան խնդիրները, ոչ մի լուծում։ Ուղղակի այդ էլեկտրոնային աշխատանքն այնքան շատ է, որ ուսուցիչները չկարողացան տեղավորվել ժամանակի մեջ։ Պարզ երևում է, որ դա ուսուցչի աշխատանք չէ, դա ծրագրավորողի գործառույթ է։ Իրենք պարտավոր են այդ դասագրքերն իրենց թեմաներով ամբողջությամբ մուտք անեն համակարգ, մենք բացենք ու ընտրենք։
Հստակ սահմանեն աշխատավարձը, որից հետո գալիս են մնացած գործիքները։ Ուսուցիչներ կան, ովքեր գրավոր աշխատանքների ամենօրյա ստուգումներ ունեն, ուսուցիչներ կան, որոնք պարբերաբար գրավոր աշխատանքներ են տալիս։ Ահռելի աշխատանք է դա պահանջում. ստեղծել այդ գրավոր աշխատանքը, հետո ստուգել։ Դասից դուրս լրացուցիչ աշխատանք է, որը գրեթե ոչ մի կոպեկ չի վարձատրվում։ Առարկաներ կան՝ ֆիզկուլտուրա, երգ, կերպարվեստ, որևէ գրավոր աշխատանք չունեն։
Դասղեկության աշխատանքը։ Դասղեկները պետք է երեխաների հետ մտնեն դպրոց, նրանց հետ դուրս գան։ Եթե մարդը քիչ ժամ ունի, այդքան ժամանակ իրեն զբաղեցնեն ու մի հատ էլ աշխատավարձը կրճատե՞ն, աբսուրդի հասնող իրավիճակ է։ Դասղեկի աշխատավարձը նույնիսկ պետք է կրկնապատկել, եռապատկվել։ Բայց իրենք կրճատում են։ Իմաստը ո՞րն է կրճատելու։ Մարդն ավելին է անում։ Պետք է այդ բոլոր վճարումները հստակեցնեին, գործակիցները ճիշտ տեղադրեին, ոչ թե տնտեսվարից կամ ջոկատավարից քիչ գործակից են սահմանել։ Ծիծաղելի է ուղղակի։
Panorama.am-Ինչո՞ւ են կրճատել աշխատավարձերը։ Իշխանությունից ամեն օր լոզունգի նման ասում են՝ «400 հազար դրամ ստացող ուսուցիչներ ունենք»։
Շողեր Բաբայան-Մի քանի հոգի են ստանում 400 հազար դրամ՝ շատ մեծ ծանրաբեռնվածությամբ ու որոշակի փուլեր անցած, որը պարտադիր չէ, որ բոլորն անցնեն։ Դրանք այնպիսի փուլեր են, որոնք ոչ բոլորին կարող են հետաքրքրել։ Ում հետաքրքրել է, նրանք են անցել։ Ի՞նչ պարտադիր է ես այդ փուլերով անցնեմ։ Ես իմ աշխատանքն եմ անում։ Եթե ես այդ փուլերով անցնեմ, դրանից իմ դասը ոչ օգտվելու է, ոչ տուժելու է։
Panorama.am-Բայց ինչո՞ւ են կրճատել։
Շողեր Բաբայան- Չգիտեմ, երևի մտածում են շատ է ուսուցչին, ինչքան հնարավոր է քիչ տան, որ մարդիկ զզվեն, դուրս գան համակարգից, իրենք անցնեն հեռավարի, ավելի քիչ գումարներ ծախսեն։ Սիսակ Գաբրիելյանն ասում է՝ ուսուցիչները շատ են։ Ասում եմ՝ եթե շատ են, ինչո՞ւ եք այդքան հայտարարություններ տալիս։ Շատը ո՞րն է, այդ ի՞նչ արտահայտություն է։ Ուսուցիչները չեն բավականացում։ Ուսուցիչ ունենք՝ 33 ժամ է աշխատում, քանի որ չունի կոլեգա։
Panorama.am-Շնորհակալություն հարցերին պատասխանելու համար։
Հարակից հրապարակումներ`
- Ժաննա Անդրեասյանը խնդրել է ուսուցիչներին հնարավորինս կոնկրետ ձևակերպել իրենց առաջարկները
- Թմբիրից արթնացել է ուսուցիչը, բավական է․ ուսուցիչ
- Ես ընտրել եմ ուսուցչի մասնագիտությունը, ոչ թե նկարիչ, դիրիժոր, ծրագրավորող... Ուսուցչուհի
- Պետք է ոչ թե շատախոսել, այլ ճիշտ լուծում գտնել, որ լավ լինի երեխային, ծնողին, ուսուցիչն էլ սիրով աշխատի. մեթոդիստ
- Ուսուցիչը չի կարող միայն աշխատել ու վիրավորվել. Նունե Գալստյան
- Այո, 35 000 ուսուցիչ պատրաստ է ազատման դիմում գրել. Շողեր Բաբայան
- Ուսուցիչ. Ուսումնական տարին սկսել է, բայց չկան ոչ թեմատիկ պլան, ոչ դասագրքեր
- Շողեր Բաբայան. Ուսուցիչը համբերությունից դեռ այսքան դուրս չէր եկել
- Քանի՞ ուսուցիչ է 400 հազար դրամ ստանում. Գալստյանը՝ ԿԳՄՍ նախարարին
- Նոր չափորոշիչները նոր մոտեցումներ են պահանջում. Նախարարը՝ դժգոհող ուսուցիչներին
- Ծիծաղո՞ւմ եք դուք մեր վրա. Ուսուցիչների բողոքի ակցիան ԿԳՄՍՆ մոտ
- Ուսուցիչը մեկ օր անգամ չի կարողանա դիմանալ առանց գնահատման
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան