ՔԿ. ՀՀ-ում սահմանադրական կարգը բռնի տապալելու մասին համացանցով հրապարակային կոչ հնչեցնելու դեպքի առթիվ նախաձեռնվել է երկրորդ քրեական վարույթը
«Ֆեյսբուք» սոցիալական ցանցում «Խաչիկ Հակոբյան» անվամբ հանդես եկող օգտատիրոջ անձնական էջում տեղադրվել և հրապարակվել է տեքստ՝ հետևյալ բովանդակությամբ․ «Եթե էսօրվա ընթացքում մարտերը նույն ձև գնան ու Լաչինը ճեղքելու հրաման չեղավ, պիտի հեռացնել էս դավաճան վիժվածքներին ռազմական հեղաշրջումով»։
ՔԿ-ից հայտնում են՝ նկատի ունենալով, որ հրապարակումն իր մեջ առերևութ պարունակում է հանցագործության հատկանիշներ՝ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչությունում, ՀՀ քրեական օրենսգրքի 422-րդ հոդվածի 2-րդ մասով (իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն, ինքնիշխանությունից հրաժարվելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերը, որոնք կատարվել են հրապարակայնորեն ցուցադրվող ստեղծագործությունները կամ զանգվածային լրատվության միջոցները կամ տեղեկատվական կամ հաղորդակցական տեխնոլոգիաներն օգտագործելով), նախաձեռնվել է քրեական վարույթ և իրականացվում է նախաքննություն։
ՀՀ քննչական կոմիտեն կրկին կոչ է անում ազգաբնակչությանը դրսևորել քաղաքացիական վարքագիծ, չկատարել հասարակական կյանքը խաթարելուն, ներքին անվտանգությունը սասանելուն և սահմանադրական կարգի դեմ ուղղված գործողություններ, նման գործողությունների դիմելու կոչեր։
ՀՀ քննչական կոմիտեն իր լիազորությունների ողջ ծավալով հետամուտ է լինելու նման հանցավոր արարքներին համաչափ քրեաիրավական գնահատական տալուն և դրանք կատարողներին քրեական պատասխանատվության ենթարկելուն։
Ավելի վաղ ՔԿ-ն հայտնել էր՝ սեպտեմբերի 19-ին Տիգրան Խաչատուրի Ուրիխանյանն իր «ֆեյսբուք» սոցիալական կայքում, www.youtube.com կայքի «Тигран Уриханян» վերնագրով և «Ալյանս առաջադիմական ցենտրիստական կուսակցություն» գրառմամբ տիտղոսային պատկերով օգտագհաշիվներով հրապարակել է «Կոչ եմ անում դուրս գալ փողոց» վերտառությամբ տեսագրությունը, որի ուսումնասիրությամբ պարզվել է, որ դրանում պարունակվում եմ իշխանությունը զավթելուն և սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչեր:
Վերոգրյալի հիման վրա ՀՀ քննչական կոմիտեի հատուկ հանձնարարություններով գլխավոր վարչությունում, ՀՀ քրեական օրենսգրքի 422-րդ հոդվածի 2-րդ մասով (իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն, ինքնիշխանությունից հրաժարվելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերը, որոնք կատարվել են հրապարակայնորեն ցուցադրվող ստեղծագործությունները կամ զանգվածային լրատվության միջոցները կամ տեղեկատվական կամ հաղորդակցական տեխնոլոգիաներն օգտագործելով), նախաձեռնվել է քրեական վարույթ, կատարվում է նախաքննություն: Սոցիալական հարթակներում առկա են նման բովանդակության այլ հրապարակումներ ևս, որոնք ներկա պահին ուսումնասիրվում են։
Ծանուցում. Հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան